Արցախում գնաճ է, իրար վրա էլ «կաբաչկա են նաղդում»

Արցախում գնաճ է, իրար վրա էլ «կաբաչկա են նաղդում»

Արցախում շրջափակման ֆոնին ապրանքների գները կրկին տատանվում են՝ ամենաանհասկանալի բարձր գնից, մինչև կասկածելի էժանություն։

Վերջին շրջանում էլ, երբ մարդիկ ծախսել են նույնիսկ իրենց խնայողությունների մեծ մասը, կորցրել են իրենց աշխատանքները,  գները զարմանալիորեն բարձրանում էին։ 

MediaHub-ը հաճախ ահազանգեր է ստանում, որ Արցախում անհասկանալի բարձր է հատկապես բանջարեղենի գինը։ Օրինակ՝ նախորդ շաբաթ վարունգի մեկ կիլոգրամը  1800 դրամ արժեր։
Արցախցիները պարբերաբար այս մասին նաև հայտնում են Կառավարությանը, ժամանակավորապես խնդիրը լուծվում է, բայց հետո նոր խնդիրներ են առաջ գալիս։

Իսկ այսօր MediaHub-ը նոր ահազանգ ստացավ արցախցիներից այն մասին, որ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում բանջարեղեն գնելիս պարտադիր պետք է նաև դդմիկ գնես։
Այսինքն, չեն նվիրում կամ առաջարկում, այլ պարտադրում են՝ եթե լոլիկ ես ուզում գնել, ապա դդմիկը պարտադիր է, վարունգ ես ուզում, մեկ է՝ դդմիկը պարտադիր է։

Բնակիչների համար սա անհանգստացնող չէր լինի, եթե դդմիկը ենթակա լիներ օգտագործման։ Ասում են՝ հին է, թոշնած, ուտել հնարավոր չէ, բայց գնելը պարտադիր է։

«Ստիպված առել եմ, ծանր-ծանր տուն հասցրել, կտրել ու տեսել, որ բանի պետք չէ, շպրտել եմ»,-պատմեց արցախցիներից մեկը։

Բնակիչներից մեկն էլ ասաց, թե չեն հասկանում՝ ինչու են իրենց վրա այս բարդ իրավիճակում բանջարեղեն «նաղդում»։

«Լավ, չե՞ն հասկանում, որ մեզ վատություն անելով ոչ մի լավ բանի չեն հասնի, որ էդ կաբաչկան նաղդեցին մեր վրա, մի երկու կոպեկ ավելի փող աշխատեցին, հետո՞, իրենց ով է օգնելու, երբ իրենք նեղության մեջ լինեն։ Ցավն այն է, որ բոլորիս մտածմունքը մեկն է, բայց ինչ-որ անհասկանալի իրավիճակներում իրար վրա փող ենք աշխատում»,-ասաց Ստեփանակերտի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը բազմիցս է հայտարարել, որ մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են:

Լիաննա Թորոսյան