7 հոգով են եղել, նավակը շրջվել է, բոլորն ընկել են ջուրը․ հաղորդավարուհուն գետը մի քանի կմ քշել է

24News-ին որոշ մանրամասներ է հայտնի դարձել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մասնակցությամբ դժբախտ պատահարից։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ 7 անձ է եղել ռետինե նավակում, այդ թվում՝ ամուսինը, որը ևս մասնակցել է Դեբեդ գետում անցկացվող նկարահանման աշխատանքներին։
Նավակը շրջվել է, բոլորն ընկել են ջուրը, ամուսինը փորձել է օգնել կնոջը, սակայն չի կարողացել, քանի որ գետը քշել-տարել է հաղորդավարուհուն մի քանի կիլոմետր։ Մյուսները կարողացել են դուրս գալ։
ՔԿ-ից ԶԼՄ-ներին հայտնել են, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ որ հոդվածով քրգործ կհարուցվի, բայց ամենայն հավանականությամբ կլինի 157-րդ հոդվածը՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։