Արցախցի պատգամավորները պատա՞նդ. որևէ բացատրություն պատճառների մասին չեն տալիս

Օրերս մամուլը գրեց, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը: Մասնավորապես, նրան «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել։ Այս լուրից հետո Գեղամ Ստեփանյանը դարձել է անորսալի՝ նա ո՛չ հեռախոսազանգերին է պատասխանում, ո՛չ էլ սոցիալական ցանցերում է հասանելի:
MediaHub-ին ևս պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, իշխանական թևի ներկայացուցիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Ստեփանյանն առաջինն էր, որ փորձել է իր անձնական գործերով դուրս գալ երկրից՝ հետ վերադառնալու պայմանով։
«Այսինքն, պատգամավորներից և մյուս պաշտոնյաներից ոչ ոք երաշխավորված չէ, արդյո՞ք իրենք չեն հայտնվի այդ իրավիճակում»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյակ է՝ արցախցի պաշտոնյաների վրա է տարածվում արգելքը, թե միայն Ստեփանյանին։
Այն հարցին, թե ի՞նչ են պատճառաբանել, որ արգելել են իր գործընկերոջը լքել Հայաստանը, մեր զրուցակից պաշտոնյան ասաց, որ խնդիրը հենց նրանում է, որ ոչինչ չեն ասել, որևէ բացատրություն չեն տվել։
Նրա խոսքով՝ իրավապահներն այս օրերին Արցախի խորհրդարանականներին հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Արցախցի պաշտոնյան ասաց, որ գուցե դա է պատճառը, որ Գեղամ Ստեփանյանը դուրս գալու մասին տեղյակ չի պահել։ «Հստակ չեմ կարող ասել՝ տեղեկացրել է, թե ոչ, և կամ արդյո՞ք դա է պատճառը, բայց, օդանավակայանում և քննչականում որևէ մեկը հստակ բացատրություն չի տվել նրան»,- ասաց նա:
Հիշեցնենք, փետրվարին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կանչվել էր հակակոռուպցիոն կոմիտե՝ դրամական միջոցների ենթադրյալ հափշտակության և ավտոմեքենաների յուրացման մասին մամուլի հրապարակումների հետ կապված:
Հունան Թադևոսյան