Որդուս գտանք արնաշաղախ. ծեծի է ենթարկվել Աստղիկ Ավետիսյանի որդին

Որդուս գտանք արնաշաղախ. ծեծի է ենթարկվել Աստղիկ Ավետիսյանի որդին

Ծեծի է ենթարկվել ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանի որդին: Այս մասին հայտնում է Ավետիսյանը՝ լուսանկար հրապարակելով.

Ամենաթողության արդյունքում Հայաստանում հայը չի կարող նորմալ ապրել, որովհետև արտաքին և ներքին թշնամին մեր հախից գալիս է։

Մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ։

Դուրս էր եկել զբոսնելու, նստել է այգում և ականջակալերով երաժշտություն էր լսում, մեջքի կողմից մոտենում են երկու երիտասարդ, հարցնում են սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում։ Այդ պահին անսպասելի հարվածում են դեմքին, ձորի պռինկին նստած ակնոցը թռնում է, ինքը գլորվում ներքև, մեկը փախնում է մյուսը հետապնդում, հեռախոսն է ցանկանում վերցնել, բայց չի կարողանում։ Դիմադրություն տեսելով` երկրորդն էլ է փախնում։ Տղաս մոտենում է պարեկներին, ներկայացնում եղածը, հետ են վերադառնում դեպքի վայր, ակնոցը գտնում են, բայց մարդկային հետք` ոչ։

Ամենազավեշտալին, որ այդքան պարեկների առկայությունը մի տեղում, դանդաղաշարժությունը, անարդյունավետ աշխատանքը մի կողմ, իմ պարտադրման արդյունքում են միայն հրավիրում շտապ օգնություն։ Հիվանդանոց հասնելուն պես ոստիկանությունն է գալիս, էդ վիճակում խառնաշփոթ, խաչաձև հարցեր են տալիս, մի հատ էլ վախեցնում, թե` գիտես ով է, չես ասում։ Բժիշկը երկու անգամ միջամտում է, բայց ուղիղ երկու ժամ բժիշկը չի կարողանում առաջին օգնություն ցույց տալ։ Սա խոսում է անկիրթ, անմակարդակ վարքագծի մասին",- գրել է Աստղիկ Ավետիսյանը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետև դեռևս չի պատժվել հազարավոր երիտասարդների կյանքից զրկած և հազարավոր ընտանիքներ խեղած մարդը կամ մարդիկ.

"Ոստիկանությունը նույնիսկ դժկամությամբ էր հաղորդումն ընդունում, որովհետև իր անելիքը մեկ հոգու թիկնապահ աշխատելն է, ի՜նչ գործի բացահայտում։

Ծնողներ, սա ահազանգ է, Հայաստանն անվտանգ չէ, զգուշացե՛ք, խուլիգանները մեր կողքին են",- հավելել է Ավետիսյանը։