Հերթական «հերոսը». պարեկը ոստիկանական Skoda-ով «զադնի» է տվել ու հարվածել Mercedes-ին (լուսանկարներ)

Հոկտեմբերի վերջին պարեկային ծառայությունը գործարկվեց նաև Արմավիրի մարզում։ Այս «պատմական» իրադարձությանը ներկա էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս, բնականաբար, մեծ ոգևորությամբ ելույթ ունեցավ պարեկային ծառայության գործարկման վերաբերյալ՝ մեծ-մեծ խոսքեր ասելով այս «բարեփոխման» մասին։ Բայց վստահաբար չխոսեց այն մասին, որ պարեկային ծառայությունը, եթե ինչ-ինչ հարցերում օգտակար ծառայություն է մատուցում քաղաքացիներին, ապա շատ հաճախ ուղղակի փորձանք է դառնում այդ նույն քաղաքացիների գլխին։ Դրանում մենք քանիցս համոզվել ենք թե՛ Երևանի, թե՛ Կոտայքի, Շիրակի և այլ մարզերի պարեկների պահվածքից, երբ վերջիններս հանցագործներին բռնելու փոխարեն իրենք են հանցանք գործել կամ իրենց անփութության, անգրագիտության, իրենց ֆունկցիաներին չտիրապետելու պատճառով դարձել են փորձանք ու գլխացավանք քաղաքացիների համար։
Արմավիրի մարզի պարեկները ևս բացառություն չեն այս հարցում։ Օրինակ՝ երեկ գիշերը այդ պարեկներից մեկը, խախտելով երթևեկության կանոնները, Արմավիրի մարզի Խոյ համայնքում վթարի է ենթարկվել՝ հարվածելով մի «հպարտ քաղաքացու» մեքենայի։
Mediahub-ին պատմեցին, որ Խոյում երեկ վագոն-տնակ է այրվելիս եղել, բնականաբար՝ ժամանել են նաև պարեկներ։ Նրանցից մեկը պարեկային ծառայության գնած լրիվ նոր Skoda Suberb ավտոմեքենայով որոշել է «տրյուկ» անել ու խախտելով երթևեկության կանոնները, հարվածել է Mercedes-ին։ Վնասվել է, բնականաբար, թե՛ պարեկային ծառայության Skoda-ն, թե՛ Mercedes-ը։
Նշենք, որ պարեկային ծառայության հիմնադրման օրվանից ի վեր պարեկայինի տասնյակ մեքենաներ են հենց պարեկների պատճառով վթարի ենթարկվել, ջարդուփշուր եղել կամ անփույթ ու անխնա շահագործման պատճառով՝ նաև խափանվել։ Էլ չենք խոսում այն մասին, որ այս ամենի համար վճարում է հարկատուն՝ մենք բոլորս: Սա էլ հերթական դեպքն է, երբ արդեն Արմավիրի մարզում պարեկը իր արկածախնդրության պատճառով վթարի է ենթարկվում՝ վնասելով պետական գույքը։
Այս ամենը հետևանք է նրա, որ Նիկոլ Փաշինյանի և Դանիել Իոաննիսյանի մոգոնած պարեկային ծառայությունում ում ասես՝ ընդունում են աշխատանքի: Շատերը անգամ բարձրագույն կրթություն չունեն, որոշներն անգամ նորմալ գրել-կարդալ չգիտեն՝ անգրագետ են, իսկ մեքենաներ էլ վստահում են մարդկանց, որոնք ոչ միայն նորմալ մեքենա վարել չգիտեն։ Ու գուցե վարորդական իրավունքն էլ ժամանակին անօրինական ճանապարհով են ձեռք բերել, այլև չիրականացած մանկական երազանքներ ունեն, որոնք հիմա իրականացնում են պետական մեքենաների և մարդկանց կյանքի ու առողջության հաշվին։
Վահե Մակարյան