Օրեր շարունակ Լարսի անցակետում մնացած հայերից շատերը երեկ կարողացել են գալ դեպի Հայաստան

Օրեր շարունակ Լարսի անցակետում մնացած հայերից շատերը երեկ կարողացել են գալ դեպի Հայաստան

MediaHub-ը քիչ առաջ զանգ ստացավ երեկ իրեն դիմած վարորդներից մեկից, որն իր մարդատար մեքենայով երեք օր շարունակ մնացել էր Լարսի անցակետում։

«Երեկ ճանապարհը բացվեց, մեզ հետ կապ հաստատեցին, որպիսությունը հարցրին, տեղի հայերն իրենց օգնությունն առաջարկեցին։ Իհարկե, չգիտեմ` ի պաշտոնե ով էր, ինչու էր, բայց ամեն դեպքում, ձեր արձագանքից հետո մեզ հետ գոնե կապվել են։ Դրանից հետո էլ, մի երկու-երեք ժամ անց ճանապարհը բացվել է, եկել ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա պատմեց, որ իրենցից հետո էլ մի քանի կիլոմետրանոց հերթ կար, չգիտի՝ բոլորը կարողացե՞լ են գալ, բայց ինքը այսօր առավոտյան 08:00-ին հասել է Հայաստան։

Նշենք, որ ՆԳՆ ՓԾ տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Նարե Գնունի