Մեզ ավելի հաճախ մեղադրում են երկաթե մանդատը չօգտագործելու, թավշյա լինելու մեջ․ Սիմոնյան
Ցավում եմ, որ նիստը դռնփակ էր, քանի որ պատերազմից առաջ ու հետո եղած շատ հարցեր իրենց պատասխանը գտան այստեղ:
Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը հավանություն տալուն։
Նրա խոսքով՝ ընդդիմության որևէ գործողություն չի կարող Հայաստանի ժողովրդին որևէ բանից շեղել։ Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը գերագնահատում է իր դերը քաղաքական դաշտում։
«Ընդդիմության քաղաքական գործունեությունը հենվում է սահմանին տեղի ունեցող հարձակումների և թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ քաղելու հիմքին։ Ես կարող եմ հանգստացնել ընդդիմությանը․ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից ՀՀ ժողովուրդը չի շեղվի»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում՝ 71 զորամասի տարածք օտարելու համար, ԱԺ նախագահը պատասխանեց՝ եթե հանցակազմ լինի, քրեական գործ կհարուցվի։
«Քաղաքական իշխանությունը չի խառնվում քրեական գործերին, մենք հանցակազմ չենք գտնում»,- ասաց Սիմոնյանը, ապա հավելեց՝ դատախազությունն իրենը չէ։
Մեկ այլ հարցի, թե արդյոք ճիշտ է, որ ՔՊ-ում բոլորը չէ, որ համաձայն են եղել այս նիստն անցկացնելուն, Ալեն Սիմոնյանը կարճ պատասխանեց՝ ոչ, ճիշտ չէ։
«Մեզ ավելի հաճախ մեղադրում են երկաթե մանդատը չօգտագործելու, թավշյա լինելու մեջ»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։