Պեմզաշենի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արկադիի փաստաբանի ինքնազգացողությունը վատացել է

Պեմզաշենի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արկադիի փաստաբանի ինքնազգացողությունը վատացել է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Պեմզաշենի դաժան սպանության գործով դատական նիստը։ 

Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանը դատավորին դիմում է ներկայացրել՝ նշելով, որ ինքնազգացողության վատանալու պատճառով չի կարող դատական նիստին մասնակցել, վերջինս խնդրել է դատական նիստը հետաձգել։ Դատավորը Արկադի Բարսեղյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինս տեղյակ է այս դիմումից։ 

Արկադին պատասխանեց՝ տեղյակ չէ, որ պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է։ «Ցանկանում եմ, որ պաշտպանս պարտադիր ներկա լինի նիստին»,- ասաց նա և խնդրեց դատական նիստը հետաձգել։ 

Դատարանը խնդրանքը բավարարեց և դատական նիստը հետաձգվեց։ Դատախազ Արեգ Խաչատրյանն իր անհամաձայնությունը հայտնեց՝ նշելով, որ իր կողմերի դիրքորոշումը լսելը կարևոր էր. «Արկադի Բարսեղյանի մյուս պաշտպանը ներկա է, և նիստը կարող է շարունակվել»։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 14։00-ին։ 

Հիշեցնենք, որ դեպքից մեկ տարի անց ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները: 

2023 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանվեցին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում: