Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում

Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում

«Ասում են՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», այո՛, այս խոսքերը շատ ճիշտ են, սակայն դա բոմժ հայ ազգին չի վերաբերվում»: Այս խոսքերը MediaHub-ի հերթական հարցման տակ թողել է մեր ընթերցողներից մեկը: Մեր հարցումն էլ վերաբերում է Տավուշում վերջին օրերի զարգացումներին և հասարակության տեսակետին, թե ինչով այս ամենը կավարտվի:

Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը։ Փաստացի, այսօրվանից որոշվելու է Փաշինյանի ասած «որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի»-ն։

Տավուշցիները ոտքի են կանգնել, փակում են մարզային ճանապարհներ, որ թույլ չտան իշխանությանը իրականացնել սահմանազատման գործընթացը, սակայն, արդյո՞ք կհաջողեն տավուշցիները իրենց պայքարում, և արդյո՞ք իշխանությունները հետ կկանգնեն տարածքները Ադրբեջանին հանձնելու որոշումից:

Ըստ այդմ, MediaHub-ի՝ «Կհաջողե՞ն տավուշցիները, իշխանությունները հետ կկանգնեն տարածքներն Ադրբեջանին հանձնելու որոշումից» հարցին «Այո» տարբերակն ընտրել են մասնակիցների 30%-ը , «Ոչ» տարբերակը՝ 46%-ը , 6%-ն էլ կարծում է, որ «Շուտ էր պետք մտածել ու գործել, արդեն բանը բանից անցել է»

«Գյուղ կանգնի, գերան կկոտրի» տարբերակն ընտրել են հարցման մասնակիցների 11%-ը, իսկ 7%-ը կարծում է, որ «Ցավոք, Փաշինյանը մեկ է մինչև վերջ իր անելիքն անելու է»:

Ցավոք, այս հարցումը ցույց է տալիս, որ հասարակությունը հակված է մտածել, որ տավուշցիներին չի հաջողվի իշխանությանը հետ կանգնեցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացից, որի ընթացքում տարածքներ են զիջելու թշնամուն:

Ստորև ներկայացնում ենք նաև ընթերցողների որոշ մեկնաբանություններ՝ 

«Գեղ կանգնի, գերան կկոտրի։ Եթե ազգովի կանգնենք, կհաջողվի պահել մեր հողերը։ Եթե կանգնենք․․․»։

«Մի՛ վհատվեք։ Պայքարե՛ք։ Թշնամին ուրախանում է մեր ազգի վհատվելուց»։

«Տարածքները միայն տավուշցիներինը չեն! Ողջ Հայաստանը Տավուշ է, հիմարություն է մտածել, որ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին։ Հիմա ազգովի պիտի լինենք․․․»։

«Պատրաստվեք շրջափակված Երևանում սովից զկրտալու կամ անկախությունը կորցնելու։ Մի տառական չեք կարողանում հեռացնել»։

«Ուզում եմ հավատալ, որ կփրկենք մեր անվտանգությունը էս հողատու կառավարությունից»։

«Փաշինյանը երբե՛ք ժողովրդին հաշվի չի առել, ինչ Ալիևը պահանջում է, առանց որևէ բանի տալիս է։ Դեռ այնքան տարածքներ է նվիրելու»։

«Ասում են՝ «գյուղ կկանգնի, գերան կկոտրի», այո՛, այս խոսքերը շատ ճիշտ են, սակայն դա բոմժ հայ ազգին չի վերաբերվում»։

«Եթե ազգի հարց լուծող տղերքին շատ փող տան, Արցախի պես Հայաստանն էլ թուրքերին կտան»։

«Գեղը կանգնի, գերան կկոտրի։ Միասնության դեպքում հնարավոր է անհնարինը հնարավոր դարձնել։ Ես այդ միասնության վրա եմ կասկածում»։

«Կառավարությունը մեր տարածքները չի հանձնում, ականջներիդ օ՛ղ արեք, ձեզ հիմարի տեղ մի՛ դրեք։ Սահմանազատման գործում կան բարդություններ, որոնց վրա հանձնաժողովներ են աշխատում, ձեզնից խելացի ու հայրենասեր մարդիկ»։

«Կառավարությունը ճիշտ ուղու վրա է, մի՛ խանգարեք»։

Մարիաննա Արամյան