Ինչպե՞ս ԼՂ խնդիրը դարձավ Ադրբեջանի «ներքին գործ»

Փաշինյանը երեկ կառավարության նիստում ահազանգել է՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է. Ադրբեջանն անգամ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տալիս։
Ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու համար վարչապետը երկու քայլ է առաջարկել. Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչը Ադրբեջանը հրաժարվում է անել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։
Ավելին, երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն օպերատիվ արձագանքել է Փաշինյանի ելույթին ու ևս մեկ անգամ ընդգծել է, որ
«Ադրբեջանի տարածքում ապրող հայկական ծագում ունեցող բնակիչների հետ» երկխոսության, նրանց իրավունքներն ու ազատությունները ապահովելու հարցը իր ներքին գործն է՝ ադրբեջանական օրենսդրության շրջանակով։
Այսպիսով, Փաշինյանը կառավարության նիստում հերթական անգամ հանդես է գալիս հերթապահ ելույթով՝ քաջ գիտակցելով, որ իր կրկնվող առաջարկությունները Բաքուն մերժելու է:
Տրամաբանական հարց է առաջանում՝ ու՞մ են հասցեագրված Փաշինյանի ուղերձները:
Ենթադրաբար՝ միջազգային հանրությանը: Բայց այս դեպքում հարկադրված ենք արձանագրել տխուր իրողություններ: Ռուսաստանը չի ուզում կամ չի կարողանում հակազդել Ադրբեջանին ու սա պայմանավորված է ուկրաինական պատերազմով և Մոսկվայի առաջնահերթություններով: Արևմուտքը նույնպես Հայաստանին ու հատկապես՝ Արցախին աջակցելու քաղաքական շահ չունի ու բաց տեքստով հայտարարվել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց նույնիսկ չի քննարկվում:
Արձանագրենք, որ Ադրբեջանի համար ստեղծվել է բարենպաստ միջազգային համատեքստ, ինչի ձևավորմանը նպաստել է նաև Փաշինյանը, որը 2022թ-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությամբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց փաստաթղթային երաշխիքներ ստանալու Արցախի սուբjեկտության համար:
Հենց այսպես ԼՂ խնդիրը դարձավ Ադրբեջանի «ներքին գործ»:
Վահրամ Բագրատյան