Ճնշումների բան չկա, մի քանի օրից ես խոսելու եմ, և պատասխանները տրվելու են․ Վլադիմիր Գրիգորյան

Ճնշումների բան չկա, մի քանի օրից ես խոսելու եմ, և պատասխանները տրվելու են․ Վլադիմիր Գրիգորյան

Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ինքն այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները: 

«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների: Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։ Տեղեկացնում եմ նաեւ, որ ես այլեւս չեմ հանդիսանում ԱՀ Նախագահի խորհրդական»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գրիգորյանը երեկ նաև Mediahub-ին էր հարցազրույց տվել, որտեղ նշել էր, թե Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, որի համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

«Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024-ից հետո շարունակելու են իրենց գործունեությունը։ Կարող ենք համարել, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի»,-Mediahub-ին ասել էր Գրիգորյանը։

Դրանից հետո ՔՊ-ականների կողմից մի իսկական վայնասուն բարձրացավ, բնականաբար՝ թելադրված ամենաբարձր օղակից, թե ինչպե՞ս կարող են ասել՝ Արցախի պետական ինստիտուտները գործում են։ Արցախը ֆիզիկապես թշնամուն հանձնած նիկոլական պատգամավորները ակնհայտորեն ծանր են տարել Արցախի նախագահի խորհրդականի հայտարարությունը, որն ընդամենը խոսել է Հայաստանում դե յուրե գոնե Արցախը պահպանելու մասին։ Եւ ՔՊ-ականների այս հակաարցախյան մեդիաարշավից հետո Արցախի նախագահի խորհրդականը հայտնեց, թե դա իր անձնական տեսակետն է եղել, ինքն էլ այլևս Արցախի նախագահի խորհրդականը չէ։ Ենթադրվում էր, որ ՔՊ-ականների կողմից ճնշումներ են եղել նրա վրա, որից հետո նա որոշել է «զադնի դնել»։

Mediahub-ը կապ հաստատեց Վլադիմիր Գրիգորյանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է իր այսօրվա գրառման պատճառը․ «Մի քանի օրից ես կխոսեմ էդ մասով, մի քանի օր դեռ բան չեմ ասելու, բայց մի քանի օրից կխոսեմ»։

-Տպավորություն է, որ Ձեզ վրա ճնշումներ են եղել։
-Չէ, ճնշումների բան չկա, բայց մի քանի օրից կխոսեմ։ Ընդհանուր դա մեր ներքին աշխատանքն է, աշխատակազմի խնդիր է, ես հետո պաշտոնապես կգրեմ, պարզաբանում կմտցնեմ։

-Դուք տեսե՞լ եք ՔՊ-ականների կոշտ արձագանքը Ձեր հայտարարություններին։
-Տեսել եմ, մի քանի օրից մենք անդրադառնալու ենք այդ հարցին։

-Օրինակ՝ ՔՊ-ից ինչ-որ մեկն առաջարկում է Արցախի՝ ՀՀ բանկերին ունեցած պարտքը վերցնել ձեզ վրա, եթե համարում եք՝ Արցախի պետական ինստիտուտները շարունակում են գործել, մեկ ուրիշն էլ հայտարարում է, թե ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի։
-Մի քանի օրից ես խոսելու եմ, և պատասխանները տրվելու են։

-Իսկ երեկվա Ձեր հայտարարությունից հետո զանգեր եղե՞լ են Ձեզ։
-Այս պահի դրությամբ որևէ հրապարակային բան չկա, էլի, որ ասեմ, բայց մի քանի օրից պարզաբանում մտցնելու եմ։

-Իսկ Դուք երբվանի՞ց չեք հանդիսանում Արցախի նախագահի խորհրդական, քանի՞ օր է։
-Էդ հարցով էլ կմեկնաբանեմ, մեկնաբանություն տալու եմ։

Վահե Մակարյան