«Փախստականի պես ապրել չեմ ուզում, իմ Մարտակերտի հարազատ տնից բացի այլ տեղ չեմ ապրի»

«Փախստականի պես ապրել չեմ ուզում, իմ Մարտակերտի հարազատ տնից բացի այլ տեղ չեմ ապրի»

Իրավիճակը չի փոփոխվում, երբեմն լարվածություն ենք զգում, ինչպես երեկ, երբ թշնամին կրկին կրակեց, բայց կարծես թե համակերպվել ենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Աղասյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։

Աղասյանը նշեց, որ սննդի պաշարը դեռ չի սպառվել, չնայած, որ խանութներում, շուկաներում միրգ ու բաջարեղեն հազվադեպ են հանդիպում։

«Եթե մթերքները հիմնադրամից են բերում, շատ թանկ չէ, բայց առհասարակ գրեթե ամեն ինչ թանկ է։ Տեղական ձմերուկ կա, որի գինը հարմար է, 1  կգ-ն 500 դրամ է, հաց կա, մակարոն, հնդկաձավար և այլն, շաքարավազի պակաս կա, շատ քիչ է հանդիպում։ Ժողովուրդը մտահոգ է, ոչինչ անել չեն կարողանում, հիվանդանում են, բուժվելը բարդ է, դեղերը քչանում են։ Ես շաքարային դիաբետ ունեմ, դեղերս հավաքել եմ, որ գոնե մեկ ամիս կարողանամ դեղեր ընդունել։ Ճնշված ենք, չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում»,-ասաց մարտակերտցին։

Հարցին, թե ի վերջո ով է արցախցու հույսը, վերջինս պատասխանեց, որ առաջնորդ է պետք։

«Ոչ մեկս էլ թուրքի հետ չենք ապրի, մեզ պետք է մեկը, որ կկարողանա մեր շահերը պաշտպանել։ Էդքան դաժանությունից հետո մենք չենք կարող մի հարկի տակ միասին ապրել։ Սենց չի մնա, էլ տեղ չկա, էն վիճակում ենք, որ արդեն պետք է պայթի։ Հայաստանի իշխանությունը Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում, էլ ի՞նչ սպասենք իրենից։ Ժողովուրդը պետք է քայլեր ձեռնարկի։ Պետք է միասնական լինենք։ Ես թուրքի յաթաղանն էլ եմ տեսել, բոլոր պատերազմներն եմ տեսել, ջարդեր եմ տեսել, բայց ես իմ տանն եմ ուզում ապրել, առանց փախստականի կարգավիճակի։ Ես իմ Մարտակերտի հարազատ տնից բացի այլ տեղ ինձ չեմ պատկերացնում։ 53 տարեկան եմ, ամուսինս 98 թվականին զոհվեց, իմ երեք երեխաներին միայնակ եմ մեծացրել, ո՞ւր թողնեմ գնամ։ Մենք հեշտ չենք հանձնվի»,֊ հավելեց նա։ 

 

Լիաննա Թորոսյան