ՌԴ-ն ողջունում է ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք. Լավրով

Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ առաջընթացին նպաստելու համար։ Մենք, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որը բխում է իրավիճակի կայունացման և պայմաններ ստեղծելու շահերից, որպեսզի այստեղ գտնվող բոլոր երկրները նորմալ համագործակցելու հնարավորություն ունենան՝ փոխադարձ հարգանքի հիման վրա, փոխշահավետության հիման վրա, ի շահ իրենց երկրների և ժողովուրդների»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է թեժ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։