Մադրիդյան սկզբունքներով՝ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան

Ես հստակ ասել եմ, որ Մադրիդյան սկզբունքների մեջ ինքնորոշման իրավունքը տրված է այնպես, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս․ MediaHub-ի հաղրոդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը ստեղծել է ցանկալի իրականություն, որը միջազգային եւ աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել։
«Ես հստակ ասել եմ, որ Մադրիդյան սկզբունքների մեջ ինքնորոշման իրավունքը տրված է այնպես, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա է պրոբլեմը։ Մենք ստեղծել ենք ցանկալի իրականություն, որը միջազգային եւ աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել։ Ես ընդդիմադիրներին ասում եմ՝ ինչո՞ւ ինձ չեք քննադատում սրա համար, որովհետեւ իրենք էլ, ես էլ նույն սխալն ենք գործել։ Այդ իրականության հետ չենք առերեսվել»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի՝ Մադրիդյան սկզբունքների մասին երեկվա ելույթին, Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց․
«Իսկ իմ այս ասածները նա հերքե՞ց։ Իր ասածը կարգախոս է, իսկ ես փաստարկների դաշտում շատ հստակ սխեմայով ներկայացրել եմ»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերով երեկ Օսկանյանն ասաց, որ սեղանին դրված է եղել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման 3 տարբերակ։
«Եթե 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանը ինձ հետ հանդիպեր, ես նրան ասելու էի՝ պարոն վարչապետ, դուք ունեք շատ մեծ լեգիտիմություն, սեղանի վրա կա փաստաթուղթ, մի՛ արհամարեք, ձեր զրոյական կետից մի սկսեք, դա մեծ վտանգներ է պարունակում։ Ես գիտեմ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, եւ ես իրեն խորհուրդ էի տալու, որ գնա Արցախի լուծման երրորդ տարբերակով, որը ենթադրում էր, որ Ադրբեջանին վերադարձվելու է 5 տարածնքները՝ փաստաթղթի ստորագրումով, իսկ Քարվաճառի եւ Լաչինի ոչ խորհրդային մասը 3-5 տարվա ընթացքում էր վերադարձնելու, բայց մինչ այդ Ադրբեջանը պիտի ապացուցեր որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատեւելու Հայաստանի հետ»,-ասաց նա։
Փաշինյանը, պատասխանելով 3-րդ տարբերակի մասին արված Օսկանյանի հայտարարությանն, ասաց․
«Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ։ Ինչ ուզում էին առաջարկեին այն ժամանակ, թո՛ղ հիմա հրապարակեն»։
Խոսելով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարության մասին, որով խորհրդարանականներն անթույլատրելի են համարում Փաշինյանի կողմից Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող ելույթները, Փաշինյանը նշեց, որ Արցախի պատգամավորները սովորաբար սխալ են իր հայտարարությունները հասկանում։
«Չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետեւ իմ գնահատականները շատ հստակ են։ Փաստարկների դաշտում իսկ ի՞նչ հակափաստարկ է հնչել։ Ես ասում եմ՝ գնահատականները թողեք մի կողմ, որովհետեւ այն, ինչ ասում եք, նորություն չի, սկսած նրանից, որ դավաճանություն ա, դավաճանություն չի։ Ասում եմ՝ հասկացանք դա, եկեք բովանդակության մեջ խորանանք եւ տեսնենք, թե դա ինչ է նշանակում»,- շեշտեց Փաշինյանը։