Մելիքբեկյանի շուրջ օղակը սեղմվում է, Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական ֆուտբոլի խայտառակ վիճակը նորմալ երկրում, բնականաբար, կունենար հետեւանք. ֆեդերացիայի նախագահը հրաժարական կտար, կբողոքեին ֆանատական խմբերն ու իշխանությունները:
Մեզանում վիճակը մի փոքր տարօրինակ է. տարբեր տարիքային խմբերի հավաքականները խայտառակ պարտություններ են կրում, ազգային հավաքականը «Եվրո 2024»-ի որակավորման փուլի արդյունքներում զբաղեցնում է «պատվավոր» նախավերջին հորիզոնականը, կանանց ֆուտբոլի արդյունքների մասին ավելի լավ է՝ լռենք, եւ այս իրավիճակում ՀՖՖ նախագահի պաշտոնում հայտնված Արմեն Մելիքբեկյանը դեռ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնում:
Գահավիժող հայկական ֆուտբոլի խորհրդանիշը դարձած Մելիքբեկյանի լոբբինգով զբաղվող «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին սպորտային լրագրող, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, կարծես թե, հաջողվում է նորից համոզել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գոնե մեկ տարով էլ պահի Արմեն Մելիքբեկյանին՝ դարձյալ մեծ-մեծ արդյունքներ խոստանալով: Փաշինյանի շրջապատից ֆուտբոլի քաղաքական ազդեցության մասին հասկացող որոշ շրջանակներ դեռեւս չեն հանձնվում ու ամեն բան անում են հայկական ֆուտբոլի աղետը կանխելու ու դրանով իրենց իշխանության վարկանիշը կայունացնելու համար, սակայն դեռեւս վերջնական հստակեցում չկա:
Մեզ տեղեկություններ են հասնում, որ իշխանական «դաբռո»-ից հետո Նիկողոսյանը պատրաստվում է նորից հավաքել ՀՖՖ նախագահ ընտրող ընկերությունների մեծ մասին ու բանակցել, թե ով ինչ է ուզում՝ Մելիքբեկյանին ընտրելու դիմաց: Ֆուտբոլն իսկապես սիրող մեր բազմաթիվ ընթերցողներ անդադար խնդրում են, որպեսզի թերթի միջոցով փոխանցվեն Մելիքբեկյանի օրոք ֆուտբոլում կատարվող չարաշահումների, կրիմինալ տարրերի ներգրավման (խոսքը պայմանավորված խաղերի մասին է, որոնցից մեկով արդեն միջազգային հարթակներում քննարկում կա, ու մենք հետաքննում ենք նման խաղերում կրիմինալ էլեմենտի ներգրավման մասին տեղեկությունը), ինչպես նաեւ ՀՖՖ-ում աշխատող անձանց՝ գնալով թանկարժեք դարձող ավտոմեքենաների ու տների ձեռք բերման լուրերը. այս մասով տեղեկությունները ուսումնասիրվում են:
Որպես հավելում՝ նշենք, որ «Եվրո 2024»-ի ուղեգիր նվաճեց, օրինակ, Ալբանիան, հետխորհրդային երկրներից փայլուն արդյունք գրանցեց Ղազախստանը, որը վերջին խաղում չհաղթելու պատճառով դուրս մնաց եզրափակչի ուղեգրի համար պայքարից, Ուզբեկստանի՝ մինչեւ 17 տարեկանների հավաքականը 1:2 հաշվով օրեր առաջ հաղթեց Անգլիայի իրենց հասակակիցներին եւ այլն:
Այդ երկրների իշխանություններն իսկապես են սիրում ֆուտբոլն ու վեր են կանգնում նեղ անձնական շահերից: Հայրենասիրությունը դա է, Նիկո՛լ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրի մասին չնայած կցկտուր տեղեկատվությանը, ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են բոլորի ճակատագրով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում Արցախի նախկին երեք նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Իշխանական շրջանակներից մեզ խոստովանեցին, որ չեն զբաղվում միայն Դավիթ Բաբայանի հարցով, քանի որ նա «ինքնակամ է հանձնվել Ադրբեջանին»։
Մինչդեռ Դավիթ Բաբայանը թեեւ ինքնակամ է հանձնվել, բայց, ըստ նրա մերձավորների, դա արել է պարտադրված, քանի որ Ադրբեջանը հստակ պահանջ է փոխանցել Բաբայանին՝ կա՛մ ինքնակամ գալիս ես Շուշի, կա՛մ ընտանիքդ դուրս չի գալու Արցախից։ Իսկ Դավիթ Բաբայանի նկատմամբ նման սեւեռվածության պատճառն այն է, որ նա Մեհրիբան Ալիեւայի հասցեին ինչ-որ հայհոյախառն արտահայտություններ է արել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, աղմուկ-աղաղակով հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։
«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես եւ ինչու են ավիրել համակարգը։ Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից։
Փաստացի ՀՀ քաղաքացու իդենտիֆիկացման թիվ 1 փաստաթուղթը վստահվել է մեր ռազմավարական դաշնակցին, ընդ որում՝ պայմանագրի անվանումն էլ եղել է «պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագիր»։ Ամենից ուշագրավն այն է, որ մատակարարված «ապրանքը», պարզվում է, «անորակ է», այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին, դրանում անարգել են ՀՀ պետական խորհրդանշանը՝ զինանշանը։
Գետնին ընկած, տրորված դրոշի համար մաքսայինի շարքային աշխատակցին հեռացնող վարչապետը, թերեւս, տեղյակ չէ, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում պատմական Հայաստանի թագավորություններից 4-ի զինանշանները ոսկեգույն են, մինչդեռ գործող անձնագրերում, տարբեր փաստաթղթերում թագավորությունների զինանշանները սպիտակ են։ Առհասարակ, զինանշանը՝ որպես պետական խորհրդանիշ, սահմանված է օրենքում, դրա պատկերի, կառուցվածքի, գույնի փոփոխությունը արգելվում է։ Ռուսական ընկերության հետ կնքած պայմանագրի տեխնիկական բնութագրում եւս նշված է, որ անձնագրերը պետք է տպագրել՝ ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության եւ «ՀՀ քաղաքացու անձնագիրը հաստատելու մասին» Կառավարության թիվ 821 որոշման համաձայն եւ ՀՀ-ում ներկայումս տրամադրվող անձնագրերի նմուշին համապատասխան։
Դատելով պայմանագրի վերտառությունից, այն է՝ «ապրանքների մատակարարում»՝ կարելի է եզրակացնել, որ ռուսական ընկերությունը ընդամենը եղել է անձնագրերը վաճառող, եւ հայտնի էլ չէ, թե ՀՀ քաղաքացու անձնագիրը որտեղ է տպագրվել. արդյոք այդ ընկերությունը նման փաստաթուղթ արտադրելու միջազգային լիցենզիա ունեցե՞լ է, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։ Կարճ ասած, պետությունն իր օրենքով սահմանված զինանշանի չափանիշները չի պահում, չի հետեւում (ներկայացնում ենք նաեւ լուսանկարները) դրանց: Ու սա՝ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր, 11.00-ին կհյուրընկալվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով, չնայած որ հանձնաժողովն ունի նախադեպ, եւ Նիկոլ Փաշինյանին լսում էր բաց ռեժիմով՝ ուղիղ եթեր հեռարձակելով նիստը: Սակայն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ այն, ինչ կարելի Զեւսին, չի կարելի եզին։
Մենք հանձնաժողովից հետաքրքրվեցինք` Սամվել Շահրամանյա՞նն է նախապատվություն տվել փակ ֆորմատին: Հանձնաժողովից բացասական պատասխան տվեցին՝ ասելով, որ ֆորմատի հարց նույնիսկ չի էլ քննարկվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստվում են քննիչ հանձնաժողով հրավիրել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հաշվի առնելով, որ այս պահին Արայիկ Հարությունյանն ապօրինի կերպով գերեվարվել եւ կալանավորվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նրան հանձնաժողով կանչելն անհնարին է դառնում:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանին քննիչ հանձնաժողով կանչելն ուժի մեջ է, եւ ինչպես են դա պատկերացնում: «Կարծում եմ, որ այդ հարցը ճիշտ կլինի տալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, երկրորդ՝ հանձնաժողովի աշխատանքն արդեն դեկտեմբերի 3-ին ավարտվում է. մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար կլինի դա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք պատրաստվում են կամ արդեն դիմել են այս ընթացքում Արայիկ Հարությունյանին ԱԺ հրավիրելու հարցով Ադրբեջանի ղեկավարությանը. «Հանձնաժողովում նման հարց չի քննարկվել. որքանով որ Ադրբեջանի կառավարության հետ խոսակցություն է տարվում, եւ դիմում են նրանց միջնորդների օգնությամբ այնտեղ բռնի պահվող մեր հայրենակիցների մասով, խոսակցությունն այնպես է ընթանում, որ բոլոր գերիները վերադառնան, առանց բացառության՝ կլինի դա Արայիկ Հարությունյանը, թե զինվոր, թե հասարակ քաղաքացի»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, եւ թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու։ Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առեւտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ մտած ռուս զինվորականները շարունակեն մնալ այնտեղ:
Սակայն ուշագրավ է, որ մեզ տեղեկություններ հասան, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով` Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկից տեղեկացանք, որ նրանք իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեւորվել Արցախ: ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն ՀՀ ՊՆ մեր աղբյուրը հաստատեց․ «Ռուս խաղաղապահները Երեւանից են գնում Արցախ, ինչպես միշտ»։