Սպիտակ տունը հանձնարարել է դիտարկել էներգետիկ ոլորտում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թուլացման հնարավորությունը

Սպիտակ տունը հանձնարարել է դիտարկել էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հնարավորությունը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության գալու դեպքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Այդ հրամանը տրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, հայտնել են աղբյուրները։ Էներգետիկ պատժամիջոցների մեղմացման տարբերակները կդիտարկվեն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների ակնկալիքների ֆոնին։
Կրեմլից հայտնել են, որ Մոսկվան դեռևս պարզաբանումներ չունի քաղաքական գործիչների անձնական հանդիպման վերաբերյալ։
Ակնկալվում է, որ այն աշխատանքը, որը կիրականացնի գերատեսչությունը, Վաշինգտոնին թույլ կտա արագորեն վերացնել էներգետիկ պատժամիջոցները ապագայում, եթե համաձայնություն ձեռք բերվի:
«Այդուհանդերձ, այդ ջանքերը չպետք է դիտվեն որպես նշան այն բանի, որ Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել պատժամիջոցները առանց Ռուսաստանի կողմից զիջումների»,- ընդգծել են աղբյուրները։