Խմիչքը չփոխել, ուտեստները դնել սեղանին սպառման չափով․ սննդագետի ամանորյա խորհուրդները

Խմիչքը չփոխել, ուտեստները դնել սեղանին սպառման չափով․ սննդագետի ամանորյա խորհուրդները

Ինչպես սնվել Ամանորին, որ չգիրանալ․ սննդագետ Դավիթ Պիպոյանը MediaHub-ի հետ զրույցում այս հարցին պատասխանեց իտալական ասացվածքով՝ «Ավելորդ քաշի մասին պետք է մտածել Սուրբ ծննդից մինչև Ամանոր, ոչ թե հակառակը»։

Ստացվում է այսպես. եթե տարվա 360 օրը մարդիկ մտածեն ավելորդ քաշից զերծ մնալու մասին, տոների մի քանի օրերին մեծ փոփոխություն չի լինի։ Այնուամենայնիվ, տոնական օրերն աչքի են ընկնում սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև սնման կանոնների խախտմամբ։

Դավիթ Պիպոյանն առանձնացրեց այդ խախտումներն ու դրանց հաղթահարման մեթոդները։ Այդպես, եթե այլ երկրներում տոնական օրերին ամանորյա սեղանը բացում են հստակ ժամի, ապա հայկական բազմաթիվ ընտանիքներում տոնական օրերին ամանորյա սեղանը մշտական բաց է, սնունդը չի հավաքվում, ուտեստները սենյակային ջերմաստիճանում են մնում, ինչը ինքնին սննդամթերքի կանոների խախտում է։

«Երբ խոզի ազդրամիսը, երշիկեղենը, աղցանները մշտական դրված են սեղանին, գործ ունենք սննդամթերքի պիտանելիության ժամկետի խախտման հետ։ Ճիշտ կլինի կտրատել այնքան ուտեստ, որը սպառվելու է, այդ կերպ հյուրերը ևս գոհ կմնան»,-ասաց Պիպոյանը։

Սննդագետի խոսքով, միանշանակ հնարավոր է ամանորյա օրերին պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները, եթե դրա հետ կապված մարդիկ ունենան որոշակի գիտելիքներ։

«Պարտադիր չէ օրը 24 ժամ սնվել: Երբեմն ասում եմ, որ սեղանի շուրջ նստելը պարտադիր չի ուղեկցվի բերանի շարժումներով, կարելի է նստել մարդկանց հետ, ժամանակ անցկացնել և սննդի ընդունումն իրականացնել հիմնական տարբերակով՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք և երկու միջուտեստ»,-նշեց Պիպոյանը, հավելելով, որ պարտադիր չէ բոլոր ճաշատեսակներն ուտել բոլոր հյուրերի հետ։

Ըստ սննդագետի՝ պետք է բացառել նաև ալկոհոլային ըմպելիքները խառնելուց և չփոխել խմիչքը։

«Եկեք չմոռանանք Ամանորի խորհուրդը՝ պարենային խնդիրները շատ կարևոր են, բայց հոգևորը ևս կարևոր է։ Տոնական օրերը պետք է անցնեն ոչ թե որկրամոլությամբ, այլ տոնի հոգևոր խորհրդով՝ ակնկալելով, որ 2023 թվականին կունենանք խաղաղություն և բարեկեցություն»,-ամփոփեց սննդագետ Դավիթ Պիպոյանը։

 

Շուշանիկ Միսկարյան