Թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում, որակական նոր դաշինք Իրանի հետ. ո՞րն է ՀՀ տեսլականը

Թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում, որակական նոր դաշինք Իրանի հետ. ո՞րն է ՀՀ տեսլականը

2023 թվականը հանգիստ չէր թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում: Աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանը կրկին վերածեցին եռացող կաթսայի, բերելով Արցախի հայաթափմանն ու բռնակցմանը Ադրբեջանին: MediaHub-ն այդ գործընթացներն ամփոփեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ: 

«Անցած տարվա մեջ մենք ունեցանք երկու կարևոր իրադարձություն. մեկը դա Արցախի փաստացի բռնազավթումն էր Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից և արցախահայության էթնիկ զտումը՝ ցեղասպանական գործողություն, որն, ըստ էության, վճռելու է նաև Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի ճակատագիրն առաջիկա տարիներին: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Արցախյան հիմնախնդիրը փակված է: Ես բազմիցս եմ ասել, որ գոյություն չունի Արցախյան հիմնախնդիր, գոյություն ունի Բաքվի բարբարոսական ռեժիմի հիմնախնդիրը, և մենք վաղ թե ուշ այդ խնդիրը պետք է լուծենք, որովհետև խաղաղության մասին յուրաքանչյուր պատրանք՝ պատրանք է, քանի դեռ գոյություն ունի այս քաղցկեղային գոյացությունը Հարավային Կովկասի վրա, և քանի դեռ վերականգնված չէ ուժային բալանսը: Որևէ փաստաթուղթ չի կարող բերել խաղաղության, եթե չկա ուժային հավասարակշռություն, ուժային բալանս»,- նշեց Ոսկանյանը: 

Իրանագետն անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումներին, ռազմա-քաղաքական գործընթացներին: 

«Եթե խոսենք Մերձավոր Արևելքի մասին, ապա բնականաբար ամենակարևոր իրադարձությունը թերևս իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի լրջագույն սրումն էր, ես կասեի՝ աննախադեպ, նաև այդ կոնֆլիկտում նոր տարրերի ի հայտ գալը: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ փաստացիորեն պաղեստինցիները կարողացան իրականացնել բավականին հաջող գործողություն և արդեն երկու ամսից ավելի տևող գործողության ընթացքում՝ Գազայի նկատմամբ, իսրայելական կողմը չի գրանցել որևէ լուրջ հաջողություն: Այո, տեղի է ունեցել Գազայի հատվածի, շենքերի-շինությունների ոչնչացում, մարդկային բազմաթիվ ճակատագրեր են խեղվել, տեղի է ունենում նաև որոշակի էթնիկ զտման գործողություն, բայց լուրջ հաջողություն չի գրանցել: Եվ սա առաջին հերթին ցուցիչ է, որ Մերձավոր Արևելքում առաջիկա տարիներին փոխվելու է իրավիճակը, այսինքն փաստացիորեն ցրվում է իսրայելական բանակի «անպարտելիության» առասպելը, և բացի այդ, Մերձավոր Արևելքում ձևավորվել են մի քանի գերտերություններ՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Թուրքիան, նաև Եգիպտոսը և տարածաշրջանային այս գերտերություններն են, որ, ըստ էության, վճռելու են տարածաշրջանի ճակատագիրը: Անշուշտ արտատարածաշրջանային ուժերի մասնակցությունն էլ բացառել չի կարելի»,- նշեց իրանագետը:

Ոսկանյանի կարծիքով` մեզ համար շատ կարևոր է, որ ունենք այդ գերտերությունների շրջանակում մեկ բարեկամ պետություն, իսկ մյուսի հետ հարաբերությունների բարելավում տեղի ունեցավ:

Խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է. «Եգիպտոսի հետ էլ կան ավանդական հարաբերություններ, բայց այդ հարաբերություններն ինտենսիվորեն առաջ չեն մղվում, ինչը կարող է չափազանց օգտավետ լինել մեզ համար»:

Իրավիճակը հանգիստ չէ, և տարեվերջին կրկին սրվեցին նաև թուրք-քրդական հարաբերություններում: «Մյուս, թեև փոքր թվացող, բայց կարևոր շեշտադրումը, հենց այս օրերին թուրք-քրդական բախումների ակտիվացումն է: Քրդստանի բանվորական կուսակցությունը հաջող հարձակում իրականացրեց Հյուսիսային Իրաքում տեղակայված թուրքական օկուպացիոն զինուժի նկատմամբ, և ի պատասխան դրան՝ թուրքական կողմը կրկին գործողություններ է ձեռնարկել թե՛ Իրաքի հյուսիսում, թե՛ Սիրիայի հյուսիսում, այսինքն՝ քրդաբնակ շրջաններում: Նշենք, որ թուրքական ներկայությունն այս շրջաններում հակաօրինական է՝ թե՛ իրավական, թե՛ մարդասիրական իրավունքի տեսանկյունից, բոլոր առումներով սա հակաօրինակն է, որովհետև թուրքական կողմը ոչ միայն ռազմական հենակետեր է տեղադրել ուրիշ պետությունների ինքնիշխան տարածքներում, այլ նաև որևէ կերպ հաշվի չի նստում այդ պետությունների կենտրոնական իշխանությունների հետ»,- նշեց  նա: 

Ոսկանյանի խոսքով` այս համատեքստում, սա նույնպես ցուցիչ է, որ մենք չենք կարող պատրանքներ տածել առ այն, թե Թուրքիայի հետ իբր նորմալացման գործընթացներն ամբողջովին բացառելու են Թուրքիայից բխող բոլոր վտանգներն ու ռիսկերը:

«Այդ բոլոր ռիսկերը ցավալիորեն դեռևս առկա են: Հակառակը՝ թուրքական ներկայությունը Հարավային Կովկասում, նաև ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ Ադրբեջանի տարածքում, բերել են մեր տարածաշրջանի ապակայունացմանը, և ի վերջո հանգեցրել է նաև Արցախի հայաթափմանը, էթնիկ զտմանը և հայկական բնիկ տարածքների բռնազավթմանը Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից»:

Ոսկանյանի կարծիքով՝ առաջիկա տարվա ընթացքում մենք, որպես պետություն, նախևառաջ պետք է ձևակերպենք Հայաստանի տեսլականը, ինչպիսի պետություն է լինելու այն: 

«Հայաստանը, իմ համեստ կարծիքով, պետք է լինի պետություն-ամրոց, այսինքն անվտանգությունը պետք է դիտարկվի որպես առաջնային, ամենակարևոր խնդիր և բոլոր գործողությունները՝ պետական, հասարակական, մշակութային, բոլոր մակարդակներում անխտիր, պետք է միտված լինեն այդ անվտանգության ապահովմանը: Դրա համար անհրաժեշտ է մոբիլիզացնել, համախմբել ոչ միայն ներքին ռեսուրսները, այլ նաև Հայաստանը կարիք ունի հավատարիմ դաշնակիցների: Այդ հավատարիմ դաշնակիցների, այլ խոսքով՝ արտաքին ռեսուրսների ներգրավումը պետք է դիտարկվի մեր պետության տեսլականի և անվտանգության ապահովման առումով: Մասնավորապես, մենք պետք է որակական բոլորովին նոր հարաբերություններ ունենանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հաշվի առնելով այն կարևորագույն զսպող դերակատարությունը,  որը հենց այսօր էլ ունի Իրանը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի նկատմամբ, հատկապես Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ այդ դաշինքի նկրտումների առումով՝ խոսքն այդ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի»  մասին է, որն իրականում թուրանական միջանցք է, Իրանն ունի ոչ միայն զսպող դերակատարում, այլև իրական պոտենցիալ դառնալու Հայաստանի համար կարևոր դաշնակից՝ այս տարածաշրջանում մեր անվտանգության ապահովման առումով»,- շեշտեց Ոսկանյանը: 

Ապա շարունակեց. «Հայ-իրանական հարաբերությունները պետք է փոխադրվեն բոլորովին այլ հարթություն, ռազմավարական դաշնության կամ դաշնակցային հարաբերությունների հարթություն, և այդ դաշինքը պետք է ունենա նաև գաղափարական ձևակերպում: Այդ գաղափարական ձևակերպումը շատ հեշտ է իրականացնել, հաշվի առնելով այն, որ մենք գործ ունենք մեր տարածաշրջանում երկու հինավուրց քաղաքակրթությունների հետ: Հայերը և իրանցիները այս տարածաշրջանի հնագույն բնիկներն են, և նաև մենք ունենք երրորդ պետությունը՝ Վրաստանը, որը նույնպես բարեկամական պետություն է: Ուստի, սա պետք է ունենա քաղաքակրթական դաշինքի բնույթ՝ ընդդեմ բարբարոսական տարերքի, որովհետև հենց այդ տարերքից են բխում մարտահրավերներն ու ռիսկերի այն հսկայական բույլը, որը վտանգում է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի անվտանգությունը, թե՛ մասնակիորեն նաև Վրաստանի»:

Ըստ մեր զրուցակցի՝ խոշոր առումով այդ անվտանգությանը միտված դաշինքը պետք է ունենա ենթաբաղադրիչներ: Բնականաբար, այդ բաղադրիչների շրջանակում շատ կարևոր են տնտեսական, մշակութային-գիտական հարաբերությունները: Տնտեսական հարաբերությունները պետք է նույնպես միտված լինեն անվտանգության ապահովմանը, հետևաբար այս համատեքստում էլ ավելի է կարևորվում Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հանգույցը, էլ ավելի է կարևորվում հնդկական հյուսիս-հարավին Հայաստանի միացումը: 

Իսկ պատրանքներն առ այն, որ Հայաստանը կարող է լինել կապող օղակ Արևելքի և Արևմուտքի միջև, կամ, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև և սպասարկել թուրքական միջին միջանցքի ծրագիրը, ըստ Ոսկանյանի, որևէ օգուտ չեն բերելու Հայաստանի Հանրապետությանը: 

«Շատ պարզ բանաձևում կա՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն ցանկանում տեսնել այս տարածաշրջանում հզոր Հայաստան, հետևաբար նրանց բոլոր գործողությունները միտված են ոչ թե Հայաստանի հզորացմանը, այլև հակառակին: Ուստի այս համատեքստում Հայաստանի դերակատարությունը մասնավորապես երկու բաղադրիչներով՝ ուղղակի հարաբերություններ Իրանի հետ, և ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների հարթակ՝ որպես երկրորդ բաղադրիչ, կարող են հսկայական օգուտներ բերել մեր պետությանը, եթե մենք կարողանանք այդ հարաբերությունները ստեղծել և հետո նաև ընդլայնել, ստեղծելով Թեհրան-Երևան-Մոսկվա, նաև Դելի-Թեհրան-Երևան-Մոսկվա, ինչու ոչ՝ նաև Պեկին-Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմական դաշինքի գոնե համագործակցություն: Այս դեպքում ՀՀ-ն իմ նշած ամրոց-պետություն տեսլականում գոնե բավականին առաջ կարող է գնալ, և այս առումով, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ապագան հենց այդ իմ նշած առանցքներում է, այլ ոչ թե դառնալ թուրք-ադրբեջանական դաշինքի սպասարկու պետություն»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը վստահ է՝ մենք ունենք ներուժ դա անելու: Բայց, ավելացրեց նա, երբ մենք խոսում ենք ներուժի մասին, հատկապես հայ-իրանական հարաբերությունների, ստեղծվում է թյուր տպավորություն, թե այդ ներուժն արդեն իսկ իրացվել է:

«Ոչ, դրա մասին խոսելը դեռևս դրա իրացում չի նշանակում: Ուստի խոշոր քայլերով, քրտնաջան աշխատանքով մենք պետք է հասնենք դրան, որովհետև դրանից է կախված Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, որից բխում է նաև մեր բոլորի ճակատագիրը, մեր սերունդների ճակատագիրը: Հայաստանի Հանրապետությունը տապալելու իրավունք մենք ուղղակի չունենք, դա հանցագործություն կլինի ոչ միայն մեր նախնիների հիշատակի, այլ նաև գալիք սերունդների առջև»,- ամփոփեց իրանագետը: 

Ռեբեկա Հովհաննիսյան