Թուրքիան պարզ ասում է՝ հայ-թուրքական հաշտեցում կլինի միայն Ցեղասպանության հարցից հրաժարվելու դեպքում

Հայ ժողովուրդը 1960-ականների կեսերից լծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման արշավին, քանի որ համարում էր՝ առաջին քայլը, որ պետք է անել, աշխարհին ցույց տալն է, որ մեր նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հիմա թեման հանրայնացված է, ու շատ երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել, բացի այդ, գիտական դաշտում կա համընդհանուր կոնսենսուս, որ կատարվածը ցեղասպանություն է։

«Այսինքն՝ կարևոր քայլ կա արված, բայց այն բավարար չէ։ Թուրքիայի վրա ճնշում եղավ, սակայն, նա ավելի բռնապետական դիրքից է հանդես գալիս։ Ուստի արտաքին ճնշում է պետք, որը կա։ Մինչև Արցախյան երկրորդ պատերազմը Թուրքիայի չներգրավվելը պատերազմական գործընթացին, հենց դրա մասին է վկայում»,- նշեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում կա՞ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինքը որևէ տեղեկություն ունի՞, Սուրեն Մանուկյանը պատասխանեց՝ տեղեկություն չունի։

«Պարզ է, որ բանակցությունների մանրամասներին չպետք է ծանոթ լինենք, բայց մյուս կողմից, ես հիշում եմ «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի մասին մեսիջներ էին տալիս փորձագետները։ Իսկ հիմա ամեն ինչ փակ է»,- նկատեց նա։
Բայց և այնպես, Մանուկյանը վստահություն հայտնեց՝ Թուրքիան այնքան էլ անկեղծ չէ, և քայլեր չի անում ավելի սահուն հունով բանակցություններ տանելու։
«Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցնելու հարց է դրել, ամենայն հավանականությամբ։ Սրանից երկու շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարը բաց տեքստով հայտարարեց, որ հաշտության գործընթաց կարող է լինել միայն ցեղասպանության հարցը օրակարգից հանելուց հետո»,- նշեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։