Սամվել Վարդանյանի խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Վարդանյանի խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ակտիվիստ Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․

«1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Հիմա տանն է։

2) Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էինք նույնիսկ 10 մլն-ի չափով։

3) Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և վաղը Սամվելին հրավիրում է հարցաքննության։ Սայլը ՄԵԾ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ տեղից շարժվեց։

4) Բազմաթիվ մարդիկ են գրում՝ գրավի հարցում օգնելու պատրաստակամությամբ։ Գրավի չափն իրոք շատ խոշոր է, ուստի շուտով կխոսեմ Սամվելի հետ (ես ունեմ իրավունք նրա հետ հաղորդակցվելու, իսկ դուք՝ ոչ) և կառաջարկեմ տրամադրել հաշվեհամար, որ ցանկացողները կարողանան մասնակցել։ Նկատի ունեցեք, որ գումարը վերադարձվելու է այն ժամանակ, երբ բուն վարույթն ավարտվի (կարող է տևել 1-2 տարի):

5) Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, հանրային գործիչներ, քաղաքացիներ)՝ մեզ չէր հաջողվի արդյունք ունենալ։ Ուրախ ենք, որ մենք կարողացանք տեղ հասցնել ամենակարևոր ուղերձը՝ սա ոչ միայն ու ոչ այնքան Սամվելի հարցն է, որքան մեզնից յուրաքանչյուրի ու մեր զավակների»։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է․

«ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։

Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ս․ Վարդանյանը ճանաչվել է տուժող։

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»։