Ֆինանսների նախարարը դիմել է ԿԿՀ, ներկայացրել պարզաբանումներ

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է քրեական գործ հարուցել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ։
Նա, մասնավորապես, գրել է․ «Ինչպես հիշում եք, մի խումբ փաստաբաններով 04.12.2024թ. դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բ.Չիլինգարյանը 25.12.2024թ. հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել:
ՀՀ գլխավոր դատախազությանը, իսկ այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն դատարանին (դատավոր Տ.Դավթյան) ներկայացված բողոքները համապատասխանաբար 07.01.2025թ. և 27.02.2025թ. որոշումներով մերժվել են: Այսօր՝ 2025թ. մարտի 3-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Կարեն Ամիրյան) բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի 27.02.2025թ. որոշումը և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է»։
Նշենք, որ գործը վերաբերում է նրան, որ «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հայցի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը՝ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանն ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության` Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը, ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին:
MediaHub-ը դիմեց ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը՝ հասկանալու, թե ի՞նչ դիրքորոշում ունի նախարարը դատարանի որոշման վերաբերյալ և ինչպես կմեկնաբանի այն։
Նախարարի մամուլի խոսնակ Ինգա Գալուստյանը նախ հիշեցրեց, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տվել են դեռեւս նախորդ տարի, և նախարարը մի քանի անգամ անդրադարձել է թեմային, այդ թվում՝ ամփոփիչ ասուլիսին։
Ապա ավելացրեց․ «Մենք նշել ենք, որ հայտարարագրում առկա որոշակի անճշտությունները բացառապես տեխնիկական բնույթ են կրում: Նախարարն արդեն իսկ դիմել է ԿԿՀ, ներկայացրել պարզաբանումներ, պրոցեսը օրենքով սահմանված ընթացակարգով առաջ է գնում»։
Վահե Մակարյան