Նորմալ չի, երբ զանգում ենք 1-03 և պատասխան չենք ստանում․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց, որ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ օգնությունն իրականացրել է 19 595 կանչ, որը նախորդ տարվա համեմատ 14 տոկոսով ավելի էր։ 

Վերջինս զեկուցեց նաև, որ դիմել են Առողջապահության նախարարությանը շարժակազմը համալրելու համար, սակայն դրական պատասխան չեն ստացել։

Կարապետյանը խոսեց նաև վերջին շրջանում շտապ օգնության բժիշկների նկատմամբ բռնությունների մասին և կարդաց քաղաքացիներից մեկը նամակը, որն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ։ 

Քննադատող նամակը լսելուց  հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նման բոլոր գործողությունները դատապարտելի են։

«Մենք էլ պետք է մտածենք, հասկանանք, թե ինչ կարող է անել քաղաքապետարանը, որպեսզի նաև պատիժը արագ տեղ հասցնի։ Ինձ համար նաև տարօրինակ է, երբ կարող ենք զանգել 1-03 և պատասխան չստանալ, նորմալ չի տենց, այստեղ անելիք ունենք»,- ասաց Ավինյանը։

Ավինյանը հետաքրքրվեց, թե քանի նման դեպք է եղել, սակայն Կարապետյանը նշեց, որ նման վիճակագրություն չի կարող ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում