Եթե խոսքը ամբողջական հայ ժողովրդին է վերաբերում, կարծում եմ՝ որևիցե ձեռքբերում չենք ունեցել 2023-ին․ Սեյրան Օհանյան

Տարեվերջին MediaHub-ը ամփոփիչ հարցազրույց է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։
-Պարոն Օհանյան, ինչպիսի՞ն էր տարին քաղաքական առումով՝ սկսած կորուստներից մինչև ձեռքբերումներ, եթե ունեցել ենք։
-Ես կարող եմ ասել, որ 2023 թվականը հայ ժողովրդի պատմության ու նաև նորագույն պատմության ամենաողբերգալի, ամենացավալի, ամենանվաստացուցիչ տարին էր, որովհետև 2022 թվականի դեկտեմբերից շուրջ տասնմեկամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը վերջնական հանգրվանի հասցրեց իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը Արցախի նկատմամբ․ Արցախը ոչ միայն հայտնվեց Ադրբեջանի տարածքում, այլ նաև հայաթափվեց։ Եւ ամենացավալին այստեղ ոչ միայն Ադրբեջանի հանցագործ կեցվածքն է, այլ նաև այն, որ Արցախը հայաթափվեց ՀՀ քաղաքական վերնախավի՝ ՔՊ-ական իշխանության անգրագետ, կրավորական, ինչո՞ւ չէ, նաև դավաճանական պահվածքի արդյունքում։
-Իշխանությունները հիմա բազմաթիվ ձեռքբերումներ են նշում, Ձեր կարծիքով՝ օբյեկտիվ իրականության մեջ մենք 2023 թվականին որևէ ձեռքբերում ունեցե՞լ են։
-Եթե խոսքը ամբողջական հայ ժողովրդին է վերաբերում, կարծում եմ՝ որևիցե ձեռքբերում մենք չենք ունեցել։ Ամենամեծ ցավը, ամենամեծ կորուստը, ողրբերգությունը ստանալուց հետո որևիցե ձեռքբերման մասին չենք կարող խոսել։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունը հիմա կենցաղային մակարդակի ինչ-որ բաներ կասի, ցածր մակարդակի միջոցառումների մասին կխոսի՝ չզգալով այն ցավը, որ բազմադարյա պատմություն ունեցող Արցախը այսօր հայաթափված է, և այս իշխանությունների ճակատին գրված է, որ իրենք են այդ հայաթափման ընթացքում իշխանության ղեկին եղել։
-Իսկ ընդդիմությունն ի՞նչ էր անում ամբողջ տարվա ընթացքում, որ այդ ամենը թույլ չտար։
-Ընդդիմությունն իր պարտականությունների շրջանակներում և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս փորձել է իր գործունեությունը ծավալել և հիմնական շեշտադրումներն անել նաև մեր օրակարգային կարևոր խնդիրների վրա, ինչպիսին Արցախն է, ինչպիսին անվտանգությունն ու պաշտպանությունն է։ Բայց, ցավոք սրտի, ինչպես մյուս տարիներին, այնպես էլ այս անցնող տարում բոլոր նախաձեռնությունները՝ արտահերթ նիստերը, լսումները, քաղաքական իշխանության կողմից աջակցություն չեն ստացել, դրանք մերժել են։ Մենք մեր գործունեության ընթացքում միշտ նշում էինք մեր կարմիր գծերը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այսօր էլ նույն կարմիր գծերն արտահայտում ենք, որ Արցախի էջը փակ չէ, հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանն ավելի է խորացրել, և դրա համար պատասխան պետք է տա։ Իհարկե, մեր հիմնական թերությունն այն է, որ մենք չենք կարողացել իշխանափոխություն անել, փոխել բանակցողին, կանգնեցնել այս կործանարար ըթնացքը, որ այս իշխանությունները տանում էին։
-Իսկ հույս կա՞, որ 2024 թվականին կկարողանաք իշխանափոխություն անել և փոխել բանակցողին։
-2024 թվականի համար մեր գործունեությունը շարունակելու ենք, փորձելու ենք գեներացնել այն ամբողջ ներուժը, որը կօգնի մեր նպատակին հասնելու համար։
-Ինչ-որ պլաններ ունի՞ ընդդիմությունը, որովհետև ասում են՝ ընդդիմությունն ինքն էլ է, կարծես, հարմարվել այս իրավիճակին, փափուկ տեղավորվել է խորհրդարանում, այլևս ցույցեր չի անում, փողոց դուրս չի գալիս, ակտիվ չի պայքարում և սպասում է հերթական ընտրություններին՝ արտահերթի պլաններ այլևս չունեք։
-Տեսեք, արտահերթը իշխանությունն է նախաձեռնում, իշխանությունը պետք է հրաժարական տա, որ արտահերթ ընտրություններ լինեն, իսկ մենք Ազգային ժողովում և խորհրդարանից դուրս, ընդ որում՝ ոչ միայն «Հայաստան» դաշինքը կամ մեր խմբակցությունը, այլ ամբողջ ընդդիմադիր հարթակը պետք է այդ ուղղությամբ աշխատի, իսկ մենք Ազգային ժողովում մեր ամբողջ գործիքակազմը օգտագործելու ենք՝ հակակշռելու, զսպելու, և, ինչո՞ւ չէ, ամեն ինչ անելու, որ հեռացնենք իրենց իշխանությունից, հատկապես, եթե ինչ-որ կործանարար փաստաթղթեր փորձեն ստորագրել, որոնք որոշիչ կլինեն նաև Հայաստանի ճակատագրի համար։
-Սրանի՞ց էլ կործանարար։ Արցախն արդեն կործանվել է։
-Մենք կարծում ենք, որ Արցախի էջը փակված չէ, պետք է ռազմավարություն մշակել ու պետք է նաև ծրագիր ունենալ, ստիպել իշխանություններին, որ իրենք ծրագիր կազմեն, իսկ մենք էլ մեր մասով որոշակի նկատառումներ ունենք, որոնք կփորձենք օգտագործել։
-Ամեն դեպքում փողոցային պայքար, ակտիվացում սպասվո՞ւմ է 2024 թվականին ընդդիմության կողմից։
-Փողոցային պայքարը այն համատեքստում է, թե մենք առաջին հերթին ինչպիսի աշխատանք ենք տանելու համայնքներում մեր համակիների և մեր ժողովրդի հետ, և եթե պահը հասունանա, իհարկե, փողոցային պայքարն էլ մեր ծրագրերից դուրս չէ։
Վահե Մակարյան