Չրերի Տիկոյի բարոյական պատասխանատավությունն ու «Սուրմալուի» ողբերգությունը

Չրերի Տիկոյի բարոյական պատասխանատավությունն ու «Սուրմալուի» ողբերգությունը

Հայաստանի սիրտը Երևանն է, ընդունենք, թե ոչ, այդպես է: Երևանի քաղաքապետին վերապահված է առանձին կարգավիճակ, քաղաքապետը ներկայացնում է Երևանը՝ որպես համայնք, և պետական բարձրագույն պաշտոնների շարքում քաղաքապետի պաշտոնը արարողակարգային ավագության սանդղակում ութերորդն է:

Երեկ՝ օգոստոսի 17-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի էր այցելել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով համատեղում էր նաև պարետի պաշտոնը, ով պետք է իրականացներ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը կորոնավիրուսային հիվանդության տարածման շրջանում. ամրագրենք, հիշյալ գործընթացի ղեկավարման արդյունքում մահացել է 8600 քաղաքացի: «Չրերի Տիկո» մականվամբ հայտնի Ավինյանը, այցելելով պայթյունի վայր, խոսքի ընթացքում «ավետեց», որ ինքն այդտեղ է «որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու» և շարունակեց իր դարակազմիկ դատողությունները «Սուրմալուի» դեպքերը ուսումնասիրելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու վերաբերյալ:

Հիմա ի՞նչ է ստացվում. իրեն Երևանի քաղաքապետի թեկնածու հորջորջող կուսակցության յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ աղետի վայր և զբաղվել դատարկախոսությա՞մբ:

Ողբերգության վայրում կայանալու և որպես քաղաքապետի թեկնածու ներկայանալու նպատակահարմարության մասին «Չրերի Տիկոյին» խորհուրդ տված անձինք ակնհայտորեն շտապել են. ստացվեց ուղիղ հակառակը. տասնյակ զոհերի պատճառ դարձած փլատակների վրայից ազդարարել քաղաքապետի թեկնածուի սեփական կարգավիճակի մասին, միանշանակ լավագույն տեխնոլոգիական հնարքը չէ:

Հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ պետք է կրի բարոյական և սոցիալական պատասխանատվության իր մասը: Ավինյանի սոցիալական պատասխանատվությունը կարելի է չափել՝ դիտարկելով փոխվարչապետ եղած ժամանակահատվածում նրա իրականացրած աշխատանքների արդյունավետությունը՝ զրո, կարելի է արձանագրել՝ այդ ժամանակահատվածում եթե փոխվարչապետի հաստիքը կրճատվեր, որևէ ազդեցություն չէր ունենա պետական կառավարման համակարգի վրա՝ ոչ դրական, ոչ բացասական առումով: Այժմ սոցիալական պատասխանատվության մասով՝ ինչի ցուցիչը որպես պարետ նրա գործունեությունն է, ինչի աղետաբեր վերջնարդյունքը վերոնշյալ հազարավոր մահերն են և Սուրմալուի տարածքում նրա ցուցադրած գարշելի թատրոնն էր: 

Փաստենք, Ավինյանը տապալել է բարոյական և սոցիալական պատասխանատվության իր մասը:

Ակամայից, մտաբերում ենք հայոց պատմության բնութագրական էպիզոդներից մեկը, երբ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան. 

«Երբ դու գնացիր,

Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,

Ես այս ավերակների վրա

Ո՞ւմ թագավորեմ…»

Միայն թե այս փլատակների տակ ով ում պետք է թագավորի, դեռ պարզ չէ…

Վահրամ Բագրատյան