Անչելոտի․ Մոդրիչը ֆանտաստիկ առաջատար է մեր թիմում

Անչելոտի․ Մոդրիչը ֆանտաստիկ առաջատար է մեր թիմում

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա Լիգայի երկրորդ տուրում «Սելտայի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետ գովել է թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը 1:1 հաշվի ժամանակ խփել էր Արքայական թիմի երկրորդ գոլը՝ առաջ մղելով թիմին հաշվի մեջ։

«Լուկա Մոդրիչը ֆանտաստիկ առաջատար է մեր թիմում։ Նա խփեց ամենակարեւոր գոլն այս խաղում։ Դա մեզ տվեց առավելություն, որից հետո ամեն ինչ արդեն շատ ավելի հեշտ եղավ։

«Սելտան» առաջին խաղակեսում շատ էներգիա ծախսեց, իսկ երկրորդ խաղակեսում չէր հասցնում մեր խաղացողների փոխանցումների հետեւից։

Մենք ձգտում ենք խաղալ 4-3-3 դասավորությամբ, բայց Վալվերդեն վինգեր չէ եւ կարողանում է հայտնվել մրցակցի պաշտպանության թիկունքում։ Երբ խաղում է Ռոդրիգոն, ավելի հստակ է երեւում 4-3-3 սխեման»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 2 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։