Պարզել ենք, թե ով է հրաման տվել՝ բերման ենթարկել զոհվածների ծնողներին

ՀՀ Քննչական կոմիտեում երեկ տեղի ունեցած հերթական առերեսման ժամանակ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանն ասել է, որ ինքն է կարմիր բերետներին հրաման տվել․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 

«Մասնակի ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները։ Որոշ հարցերի դեպքում պարոն Ջոմարդյանը հրաժարվում էր պատասխանել՝ առանց որեւէ պատճառաբայության։ Մեզ համար առանցքայինն այն է, որ առերեսման ժամանակ իմացանք՝ ծնողներին բերման ենթարկելու հրամանը տվել է Ջոմարդյանը»,-ասաց նա։

Վարույթն իրականացնող մարմինն ամիսներ շարունակ ոստիկանների հետ առերեսումների էր հրավիրում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր անցած տարի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, «Եռաբլուրում» էին՝ արգելելու Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն։ Ոստիկանության աշխատակիցները՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաեւ մայրերին, ուժով բերման ենթարկեցին։

Տեղի ունեցած միջադեպից հետո զոհվածների ծնողների բողոքի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ջոմարդյանն ասել է, որ հրամանը օրինական է եղել։ 

Օրեր առաջ հերթական առերեսման ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն էլ նշել էր, թե բերման ենթարկելը եղել է իրավաչափ, եղանակը, ձեւը՝ ոչ իրավաչափ։

«Ըստ Խուդինյանի՝ ոչ համաչափ ուժ է գործադրվել, հնարավոր էր բերման ենթարկել նաեւ այլ եղանակներով։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոստիկան բերման ենթարկելու ընթացքում ինքն է կողմնորոշվել, թե ինչպես բերման ենթարկել։ Ըստ էության, նա չէր արդարացնում այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում 

Լիա Սարգսյան