«Ֆանարջյանում» պետպատվերից դուրս գումարներ են նվիրաբերվել ԲԿ-ին․ ՊՎԾ-ի կարծիքով՝ դա օրինական է, բայց ոչ բարոյական

ՊՎԾ-ն վերահսկողություն և ուսումնասիրություններ է իրականացրել «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որի տնօրեն Նարեկ Մանուկյանը օրերս է ազատվել պաշտոնից։
Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով․ «Մի շարք խոշորագույն բժշկական կենտրոններում, որտեղ կա պետպատվերով ծառայությունների տրամադրում, վերջին շրջանում իրականացվել է վերահսկողություն՝ կապված պետպատվերի տրամադրման և հետագա կառավարման օրինականությունը և արդյունավետությունը պարզելու նպատակով։ «Ֆանարջյանում» մենք իրականացրել ենք նմանատիպ վերահսկողություն, և արդյունքները սահմանված կարգով զեկուցվել են վարչապետին, տրվել են հանձնարարականներ, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ, որոնք ժամանակին, բացի պետպատվերի միջոցներով բուժառուի ծառայություններ ստանալուց, նաև այդ ծառայությունների դիմաց սեփական միջոցներից «նվիրաբերություն» են կատարել տվյալ ԲԿ-ին, այդ քաղաքացիներին, մեր առաջարկով, Ֆանարջյանի անվան բժշկակական կենտրոնը վերադարձնում է այդ վճարված գումարները»։
-Այսինքն՝ ճի՞շտ ենք հասկանում, որ պետպատվերով սահմանված գումարից զատ բուժառուները հավելյալ գումարներ են տվել բժշկին, որովհետև, ասենք, տվյալ վիրահատության համար վիրահատող բժիշկն ավելի մեծ գումար է պահանջել, որովհետև տվյալ վիրահատությունը, իրականում, ավելի թանկ արժե, քան պետպատվերով է սահմանված։
-Ձևակերպումների մեջ, իրականում, պետք է մի քիչ ավելի զգույշ լինել՝ պահանջել, ավելի թանկ ծառայություն և այլն, պարզապես, եթե տվյալ բուժհաստատությունում որևէ առողջապահական ծառայության համար ներքին իրավական ակտով սահմանված է որևէ գումար, և պետպատվերի միջոցով ֆինանսավորվում է տվյալ ծառայությունը, բայց ԲԿ-ի տնօրենի որոշմամբ դա ավելի թանկ է արժենում բուժառուի վրա, ապա մի մասը փոխհատուցվում է պետպատվերի շրջանակներում, իսկ մնացած մասը բուժառուն նվիրաբերության պայմանագրի միջոցով փաստացի վճարում է բժշկական կենտրոնին։ Դա իրավական տեսանկյունից մենք, իհարկե, խնդրահարույց չենք համարել, քանի որ այդ ֆինանսները պատշաճ փաստաթղթավորվել են, եկամուտ են ճանաչվել, նաև հարկեր են գեներացվել, և դրանց մի մասը որպես հարկ է վճարվել։ Մնացած գումարի մի մասը վճարվել է բժշկին, մի մասը մնացել է բուժկենտրոնի բալանսում՝ որպես պահպանման ծախս, նաև հարկեր են վճարվել դրա դիմաց, բայց փաստն այն է, որ պետական պատվերով տվյալ ծառայությունը պետք է ամբողջությամբ փոխհատուցվեր պետբյուջեից։
-Այսինքն՝ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց օրինական կամ բարոյական չէր։
-Չէ, օրինական էր, բայց, կարելի է ասել, սոցիալ-մշակութային խնդիր կար, և, կարող ենք ասել, որ բարոյական չէր։
-Այսպիսի երևույթներ, մեր տեղեկություններով, այլ ԲԿ-ներում էլ կան, և չե՞ք կարծում, որ սա ավելի շատ պետության վարած քաղաքականության խնդիրն է, որ այնքան քիչ գումար է հատկացնում պետպատվերի համար, որ ԲԿ-ները ստիպված գնում են այդ քայլին։
-Տեսեք, Ձեր հարցի մեջ, բնականաբար, տրամաբանություն կա, ես չեմ առաջարկի այդ փաստարկը, բայց նաև, ի լրումն ասվածի, ասեմ, որ կոնկրետ կառավարությունը, եթե համապատասխան գերատեսչությունը, լիազոր մարմինը, այս պարագայում՝ առողջապահության նախարարությունը, բնականաբար, կառավարության միջոցառումներից բխող կամ ռազմավարության շրջանակներում ներկայացնի պատշաճ վերլուծություններ, ես վստահաբար կարող եմ ասել, որ վարչապետը և կառավարությունը այդ միջոցները կտրամադրեն, և կվերանայվի գնացուցակը։ Հիմա ընթացիկ ժամանակահատվածում հաստատված ծրագրի համաձայն բյուջեից հստակ գնագոյացմամբ տրամադրվել են միջոցներ, որոնք ի սկզբանե պետք է բավականացնեին, բայց ԲԿ-ները որոշել են, որ դրանք քիչ են, և իրենք իրենց բժիշկների ներուժը պահելու, բժշկական անձնակազմի արտահոսք թույլ չտալու, ավելի բարձր աշխատավարձով վարձատրելու համար այդպիսի մեթոդ են մտածել, որը կրկնում եմ՝ օրինականության հետ խնդիր չունի։ Խնդիրը կառավարման արդյունավետության և սոցիալ-մշակութային հարթությունում է։ Եթե պետությունը, կառավարությունը երաշխավորել է կոնկրետ սոցիալական խմբերի համար շուրջ երեք տասնյակ առողջապահական ծրագրերի փոխհատուցումը պետպատվերով, ապա որևէ մեկը իրավունք չուներ նվիրաբերության պայմանագրի շրջանակներում հավելյալ գումարներ գանձելու։ Ես կարող եմ ասել նաև, որ այս պահի դրությամբ արդեն ավելի քան 80 մլն դրամ վերադարձվել է մի քանի հարյուր քաղաքացիների՝ վերջին տարիներին նվիրաբերությամբ այդպիսի գումարներ տարբեր ԲԿ-ներին վճարելու դիմաց։
-Իսկ «Ֆանարջյանի» տնօրեն Նարեկ Մանուկյանն արդյո՞ք ՊՎԾ-ի այս ուսումնասիրությունների և բացահայտումների արդյունքում է ազատվել պաշտոնից, որովհետև այդպիսի տեղեկություն կա։
-Այդ լուրը չեմ կարող մեկնաբանել։
-Իսկ ինչի՞ց հետո որոշեցիք ուսումնասիրություն սկսել հենց այս ԲԿ-ում, ի՞նչ ազդակներ էիք ստացել դրա համար։
-Մեր ընթացիկ վերահսկողական գործառույթները՝ խոշոր ԲԿ-ներից մեկում, հանգեցրեց այդ բացահայտումներին, որը մեզ համար ողջամիտ կասկած առաջացրեց, որ դրանք կարող են կիրառելի լինել նաև այլ բժշկական հաստատություններում։ Այդ ուղղությամբ մեկ տասնյակից ավելի բժշկական հաստատություններում արդեն վերահսկողություն ենք իրականացրել։ Մենք այդ մասին հաղորդագրություններ տարածել ենք։
-Իսկ այս ամենը քրեական վարույթներ նախաձեռնելու հիմք կարո՞ղ են հանդիսանալ կամ արդեն կա՞ն նախաձեռնված վարույթներ, տեղյա՞կ եք։
-Տարբեր ԲԿ-ներում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքներով արդեն մի շարք քրեական վարույթներ նախաձեռնված կան։ Կոնկրետ նվիրաբերության դրվագը ես արդեն ասացի՝ օրինական և փաստաթղթավորված է եղել ամեն ինչ, և հարկերն էլ պատշաճ վճարված են։ Խնդիրը կառավարման արդյունավետության մեջ է, բայց քրեաիրավական առերևույթ հանցակազմի տարրեր մեր մասնագետներն այդտեղ չեն տեսնում։
-Այդ դեպքում ինչի՞ հիման վրա եք դուք հորդորել կամ պահանջել, որ այդ ԲԿ-ները նվիրաբերած այդ գումարները վերադարձնեն բուժառուներին, եթե ամեն ինչ օրինական է եղել։
-Դրանք ինստիտուտներ են, որոնց գործունեությունը կարգավորվում է դաշտի օրենսդրությամբ և իրավական ակտերով։ Էդ իրավական ակտերի մեջ հիմա ես չեմ ուզում խորամուխ լինել, բայց բոլոր հիմքերն ունենք, նաև առաջնորդվելով պետական վերահսկողական ծառայության մասին օրենքով, և մեր իրականացրած վերահսկողական գործառույթներն ամփոփող տեղեկանքներով և դրանցում տեղ գտած փաստերով, մենք այդ լիազորությունները լիարժեքորեն իրացրել ենք։
Վահե Մակարյան