Ձուկը գլխից է հոտում

Քիչ առաջ Հայաստանի կիրակնօրյա լրատվական դաշտը ցնցվեց մեկը մյուսին հաջորդող լուրերով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղեցրած պաշտոններից ազատել է կառավարության մի շարք անդամների: Խոսքը, ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների, որոնք հաստատում են տեղեկությունները, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մասին է:
Մեզ ասացին՝ բոլորին ասվել է դիմում գրել և եթե այս պահին էլ այս անձանցից որևէ մեկը չի գրել, ապա դա եթե ոչ ժամերի, ապա օրերի հարց է: Պարզապես կառավարությունում մարդամեկին փորձում են հասկացնել, որ միանգամից գլխատել գործադիրը սխալ է և նման կտրուկ քայլերի պետք է գնալ աստիճանաբար:
Իրականում սպասել, որ այս պաշտոնանկությունները ինչ որ իրավիճակ կփոխեն երկրում միամտություն է: Վահե Ղազարյանի փոխարեն կգա մեկ ուրիշը՝ նույն պոտենցիալով, եթե ոչ ավելի վատ, քանզի Փաշինյանի կադրերի բազային բոլորս ծանոթ ենք, կամ Գնել Սանոսյանը կնշանակվի նրա փոխարեն (սա, ի դեպ, պնդում են մեր որոշ աղբյուրներ), Արգիշտի Քյարամյանին կփոխարինի մեկ ուրիշ արգիշտիքյարամյան... և ի՞նչ: Դա ինչ որ բան փոխելո՞ւ է, իրավիճակը բարելավվելո՞ւ է, հանցավորության դեմն առնելո՞ւ են, թմրամիջոցների շռայլ շքերթը մեր երկրում դրանից նվազելո՞ւ է: Բոլորս գիտենք պատասխանը՝ ոչ:
Որովհետև գիտենք նաև գլխավորը՝ ձուկը գլխից է հոտում...