ՔՊ-ն ընդդիմության շարքերը փորձում է նոսրացնել՝ նոր պատերազմի մասին ֆեյքով

ՔՊ-ն ընդդիմության շարքերը փորձում է նոսրացնել՝ նոր պատերազմի մասին ֆեյքով

«Իրական լաոն միշտ է արթուն. Ընդդիմության լաոյի փնտրտուքները մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

ՔՊ-ականներն իրենց ոճին հավատարիմ սկսել են ՀՀ քաղաքացիներին մոլորեցնել, մանիպուլացնել պատերազմի վտանգի մասին կեղծ լուրերով: Անդրանիկ Քոչարյանը հանրությանը ցանկանում է համոզել, որ եթե ընդդիմությունը շարունակի պայքարը հանուն Արցախի, հայոց պետականության, ապա դրանով մեծանալու է պատերազմի վտանգը: «Խաղաղության դարաշրջանի» ջատագով ՔՊ-ականները հանրությանը հետևյալ մեսիջն են փոխանցում Անդրանիկ Քոչարյանի շուրթերով՝ պետք է Արցախի մասին քիչ խոսել, իսկ ընդդիմությունն ազգային, պետական հարցեր բարձրացնելով կարող է «բարկացնել» Իլհամ Ալիևին:

ՀՀ քաղաքացիներն 2018թ.-ից սկսած ՔՊ-ականների կողմից ենթարկվում են զանազան մանիպուլյացիաների՝ տնտեսությունը չի աճում, քանի որ «նախկիններն» են մեղավոր, Արցախյան պատերազմն ունեցավ այդպիսի տխուր ավարտ, քանի որ բանակը «թալանել էին նախկինները», գներն աճում են, ոչ միայն ՀՀ-ում՝ այլ նաև ողջ աշխարհում: Նմանատիպ ստերով՝ ֆեյքերի միջոցով այդ ստերը հանրությանը մատուցելով ՔՊ-ն 2018թ.-ից մինչև այսօր մնում է իշխանության: 

Ընդդիմությունը պետք է հանրությանը պարզ ու մատչելի ձևով ցուցադրի ՔՊ-ի ստերը՝ «պայթեցնի» ՔՊ-ականների «փուչիկներն» ու հայ ժողովրդին առաջարկի հստակ օրակարգ՝ տնտեսական, անվտանգային, արտաքին քաղաքական և ինչպես է ընդդիմությունը տեսնում Արցախի հարցի կարգավորումը:

ՀՀ քաղաքացիները սպասում են հստակ հայտարարությունների՝ ինչով է տարբերվելու ընդդիմության քաղաքականությունն՝ իշխանության գալու պարագայում՝ Փաշինյանի և թիմի վարվող քաղաքականությունից:

Փաշինյանի և ՔՊ-ի քաղաքականության արդյունքում ՀՀ ու Արցախը կործանվում են՝ տնտեսական, ժողովրդագրական, անվտանգային, արտաքին քաղաքական առումներով՝ գնաճ, աղքատություն, արտագաղթ, Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ուժեղացում Կովկասում և ՀՀ-ի սահմանների ողջ երկայնքով:

Վահրամ Բագրատյան