«Բոլոր պատերազմներում առաջին զոհերը երեխաներ էին»․ մանկական բժիշկը վերջիններից է լքել Արցախը

«Բոլոր պատերազմներում առաջին զոհերը երեխաներ էին»․ մանկական բժիշկը վերջիններից է լքել Արցախը

«Երբ շրջափակման մեջ հայտնված Արցախը միայնակ պատերազմի մեջ հայտնվեց, հասկացա, որ մենք՝ բուժանձնակազմը, անելիք շատ կունենանք։ Այս պատերազմը 2020 թվականից տարբերվեց նրանով, որ արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհ չկար, ուստի տարհանում չի լինելու։ Հիվանդանոցում բուժում ստացող երեխաներ կային, նրանց իջեցրել ենք ապաստարան։ Մոտ կես ժամ անց ընդունեցինք առաջին պացիենտին. 9 տարեկան երեխա էր, սրտի կանգ ախտորոշումով»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հասմիկ Վերդյանը։ 

1988 թվականին նրա ընտանիքը տեղահանվել է Բաքվից, բնակություն հաստատել Երևանում։ Մինչև 1993 թվականը, Հայաստանի համար մութ ու ցուրտ ժամանակներ համարվող տարիները նա ապրել ու աշխատել է այստեղ, հետո տեղափոխվել Ստեփանակերտ։ 1995-ից մինչև 2023 թվականն աշխատել է «Արևիկ» մանկական բուժմիավորումում։ 

«Ապրիլյան պատերազմը քաղաքի վրա չզգացինք, բայց էլի երեխաներն էին առաջին տուժողները, «44-օրյա»-ին՝ էլի առաջին զոհերը երեխաներն էին, այդպես էր նաև 2023-ին։ 11 տարեկան տղան դպրոցի տարհանման ժամանակ սրտի կայծակնային ինֆարկտ էր ստացել։ Շուրջ 40 րոպե ես ու գլխավոր բժիշկը նրան մերսումներ ենք արել, փորձել ենք փրկել ռեանիմացիոն սարքավորումներով, բայց արդեն ուշ էր։ Որոշ ժամանակ անց լսեցինք գոռոցները, ընդունեցինք Վանքից, Բերքաձորից տեղափոխված երեխաներին, հետո սառնաղբյուրցի վիրավորներին։ Շատերը ծանր վիճակում էին։ Մենք հասցրեցինք համապատասխան բուժօգնություն ցուցաբերել»,- ասում է բժիշկը, ով բռնի տեղահանությունից հետո այժմ իր մասնագիտական առաքելությունն իրականացնում է Երևանի Գրիգոր Նարեկացու և Մուրացանի անվան հիվանդանոցներում։

Շուրջ 3 տասնամյակի աշխատանքային փորձ ունեցող մանկական բժշկի համար իսկական փորձություն էր 6 ամիս առաջ տեղի ունեցածը։ Մանկական հիվանդանոցն օր-օրի վեր էր ածվել հոսպիտալի, դրան զուգահեռ փոքրանում էր բուժաշխատողների թիվը։ Ճանապարհը գաղթի համար բացելուց հետո, նրանք, ովքեր փոքր երեխաներ ունեին, գնացին։ 

«Դիրքերից վիրավորներ էին տեղափոխում, այդ օրերին տարբերություն չկար մանկական բժիշկ ես, թե ոչ։ Մենք ամբողջ անձնակազմով լծված էինք նրանց կյանքի փրկության գործին։ Գիշերը խառնվել էր ցերեկի հետ, անգամ սնվելու ժամանակ չկար։ Երբ փորձում էինք նստել թեկուզ մի քանի րոպե, մեկ էլ ընդունարանում սկսվում էր իրարանցումը, ցավից գոռացող մեր հայրենակիցների ձայները։ Այդ օրերին մատների վրա հաշված բժիշկներ էին մնացել։ Մեզ ուժ էր տալիս գլխավոր բժիշկը՝ Կարեն Մելքումյանը։ Անգամ այն ժամանակ, երբ խոսակցություններ տարածվեցին, թե ադրբեջանցիները քաղաքում են, գլխավոր բժիշկն ասաց՝ «դա մեզ չի վերաբերվում, մենք դեռ գործ ունենք անելու»։ Մենք էլ ասացինք՝ «ինչ կլինի-կլինի», մնացինք»,- ասում է նա։ 

Մինչև սեպտեմբերի 25-ն արտակարգ ռեժիմով է աշխատել բուժհաստատությունը։ Ծանր վիրավորներին հնարավոր էր տեղափոխել Հայաստան, մեծ մասը բժիշկների շնորհիվ ոտքի էին կանգնել։

«Քաղաքն օր-օրի դատարկվում էր։ Հայաստան էին տեղահանվել նաև իմ հարազատները։ Երևանում ուսանող որդուս հետ մի քանի օր չեմ կարողացել խոսեմ։ Այդ օրն իմացա, որ ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է։ Գործընկերներս հանգստացրին, որ ամեն բան լավ կլինի, բայց ես շատ անհանգիստ էի։ Երեկոյան որոշել էի տուն գնալ և մի քանի իր իրար կողք դնել, լսվեց ամենասարսափելի «պատերազմի» ձայնը, ու մեզ համար բացվեց ամենադժվար ճակատը։ Սարսափ ֆիլմի էր նման տեսարանը. բոլորը մերկ, սևացած, ուռած՝ նրանք ուզում էին ապրել։ Վախեցել եմ, սկզբից իմացա ավտովթար է եղել։ Գնալով իրար նման մարդիկ շատանում էին, տեղ չկար, վառելիքի պահեստի աղետի հետևանքն էր։ Հիվանդանոցը նորից լցվեց»,- հիշում է մեր զրուցակիցը։

Միայն մանկական հիվանդանոցն այրվածքներով ընդունել է 84 պացիենտ։ Բժշկուհու համար ամենավատ տեսարանը աչքի առաջ մահանող երիտասարդներն էին. «Այրվածքները, ցավոք, խորն էին, կյանքի հետ անհամատեղելի, չդիմացան։ Մենք 2 օր ոտքի վրա էինք, ասես երազ լիներ, ամեն ինչ ահավոր էր։ Գլխավոր բժշկի հետ մեկ օրում 11 անգամ իջել ենք Իվանյան, այրվածքներով հիվանդներին ուղղաթիռով ուղեկցել Հայաստան: Ի դեպ, այնտեղ նաև ադրբեջանցիներ կային»։ 

Սեպտեմբերի 27-ի գիշերը, երբ Հասմիկ Վերդյանն ու մանկական հիվանդանոցի բժիշկները վերջին հիվանդին ուղարկել են, իրենք էլ պատրաստվում էին դուրս գալ, հիվանդանոց բերեցին ցնցումների մեջ գտնվող մի երեխայի։ Նա Հասմիկի վերջին այցելուն էր Արցախի հիվանդանոցում. «Կաթիլային եմ միացրել, անհրաժեշտ դեղորայք տրամադրել, մնացել, մինչև այդ երեխան լավացել է, հետո դուրս եկել»։ 

Տեղահանվելուց հետո հայաստանյան գործընկերներն այստեղ նրան դիմավորել են գրկաբաց։ Աշխատում է 2 բուժհաստատությունում։ Սակայն, աշխատանքին զուգահեռ, բժիշկը մինչ օրս զբաղված է նաև որդու գործերով: «Քրեական գործ են հարուցել ընկերների հետ ցույցերին մասնակցելու համար։ Հասկանո՞ւմ եք, տեռորիստներին բաց են թողել, փոխարենն իմ անզեն տղային են բռնել, որն ընդամենը արցախցի իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար մասնակցել է ցույցերին»,- հավելեց Հասմիկ Վերդյանը։

Հունան Թադևոսյան