Էրդողանի նախապայմանը

Էրդողանի նախապայմանը

Երեկ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Պրահայի վրա, որտեղ տեղի էր ունենում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը՝ ԵՄ ու նրա հարևան երկրների ընդհանուր առմամբ 44 առաջնորդների մասնակցությամբ:

Իհարկե, մեր հասարակությանն առավելապես հետաքրքրում է այդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկու իրադարձություններ՝ Միշել- Մակրոն- Փաշինյան- Ալիև ու Փաշինյան- Ալիև բանակցությունները:

Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիև բանակցություններն ընթացել են մի քանի փուլով ու դրանց արդյունքներին կանդրադառնանք երեկոյան, երբ պաշտոնական հայտարարությունները ավելի ամփոփ պատկեր կստեղծեն բանակցությունների ու հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ:

Իսկ առսյժմ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպման մասին:

Ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, բաց սահմաններ չունեցող երկու հարևան պետությունների ղեկավարները շեշտել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:

Սա հանդիպման հիմնական արդյունքն է, որն ամփոփված է պաշտոնական հաղորդագրությամբ:

Սակայն այս հանդիպման քաղաքական նշանակությունը, թերևս, ավելի մեծ է:

Նախ, սա Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների առաջին հանդիպումն է՝ 13 տարվա ընդմիջումից հետո:

Երկրորդ, Թուրքիան, Ռուսաստանի հետ միասին, կարևոր դերակատար է տարածաշրջանի անվտանգության համակարգում, առնվազն՝ 44-օրյա պատերազմից հետո, ըստ այդմ՝ հայ-թուրքական դիալոգը կարևոր նշանակություն ունի նոր պատերազմի ռիսկերը չեզոքացնելու հարցում:

Վերջապես, հայ-թուրքական դիալոգը, հարաբերությունների կարգավորումը կարևոր նախապայման են, որոնք նպաստելու են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, սուբեկտության մեծացմանը:

Մյուս կողմից, իրատեսական չէ մեծ առաջընթաց արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում, քանի դեռ կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այդ երկու գործընթացները փոխկապակցված են: 

Հենց դրա մասին է Էրդողանի երեկվա հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:

«Մենք միայն ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կհասնեն հասունության որոշակի աստիճանի: Հենց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները»,- ասել է նա:

Ադրբեջանական գործոնը շարունակում է մնալ հայ-թուրքական դիալոգի հիմնական նախապայմանը:

Վահրամ Բագրատյան