Փաշինյանի «սիմվոլիզմը»

Փաշինյանի «սիմվոլիզմը»

Երեկ պաշտոնից հեռացվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Բարձրաստիճան պաշտոնյան արդեն երկրորդ անգամ է նույն պաշտոնից հեռացվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկվով ևս 4 բարձրաստիճան զինվորական է պաշտոնակ արվել՝ Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը։

ԳՇ պետի ազատման մասին լուրերը տարածվել էին դեռ նախորդ օրը ու անկեղծ լինենք՝ Դավթյանի պաշտոնանկությունը սպասելի էր ցանկացած պահի, որովհետև նա որպես մեղադրյալ անցնում է «Անորակ հրթիռների» գործով։

Մյուս կողմից, Արտակ Դավթյանի պարագան առանձնահատուկ է, որովհետև նա Փաշինյանի կողմից երկու անգամ նշանակվել է միևնույն պաշտոնում ու երկու անգամ էլ պաշտոնանկ է արվել։ Թե նշանակումները և թե պաշտոնանկությունները լուրջ մոտիվացիոն հիմքեր չունեն ու բացահայտում են գործող վարչապետի, նրա քաղաքական թիմի կամայական վերաբերմունքը բանակի, ԶՈւ բարձրագույն սպայակույտի հանդեպ։

Ի դեպ, Փաշինյանի իշխանությունը սկսել է «սիմվոլիզմի» նկատմամբ որոշակի հակվածություն դրսևորել։

Երեկ պաշտոնանկ արված հինգ բարձրաստիճան զինվորականներից շատերը ուղիղ մեկ տարի առաջ հրապարակային հայտարարությամբ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հենց այս տարեդարձի նկատմամբ վերաբերմունքն էլ անվանում ենք Փաշինյանի «սիմվոլիզմ»․ իր հրաժարականի պահանջից ուղիղ մեկ տարի անց գործող վարչապետը հրապարակավ ի ցույց է դնում, թե ով է հիմա բանակում «եղանակ ստեղծողը»։

Ի դեպ, կադրային ջարդին զուգահեռ, իշխանությունը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. Նման առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նախատեսելով փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում:

Այս փոփոխությունն արվում է մեկ նպատակով, որպեսզի բանակում թուլացվի ԶՈւ Գլխավոր շտաբի դերակատարությունը․ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում մոռանալ չկայացած ռազմական հեղաշրջման օրերին ունեցած ծանր ապրումները։

Վահրամ Բագրատյան