Վերադարձա Հայաստան ու տեսա՝ Լենինականս դարձել էր դագաղների քաղաք․ ավերիչ երկրաշարժից 36 տարի անց
![Վերադարձա Հայաստան ու տեսա՝ Լենինականս դարձել էր դագաղների քաղաք․ ավերիչ երկրաշարժից 36 տարի անց](https://www.mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_6754086ff13c9.jpg)
«Դա մոռանալ կլինի՞, երանի մի ճար լիներ մոռանայինք, ամեն անգամ սրտիս ցավ է տալիս»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի Հովհաննես Ղարաղազարյանը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հովհաննեսը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի էր, երբ ռուսական ռադիոյով լուր հայտնեցին, որ Հայաստանի Լենինական քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել։
«Փողոցի մեջ տեղում չոքել ու բարձր գոռում էի։ Անցորդները ջուր են բերել, մեկը դեղ էր տալիս, բայց ոչ ոք չէր կարողանում հանգստացնել։ Միայն Երևան կարողացա կապ հաստատել, ասացին, որ երկրաշարժը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Երեկոյան գնացի օդանավակայան։ Այնտեղ շատ հայեր կային, որ Հայաստան էին շտապում։ Բոլորս մորթված, կիսատ, սարսափելի վատ վիճակում էինք, անտեղյակ իրականությունից։ Եկանք Հայաստան, ու այն ինչ որ տեսա, հիմա չեմ ուզում նկարագրել։ Լենինականս դարձել էր դագաղների քաղաք»,- պատմում է Հովհաննեսը։
Մեր զրուցակիցն իր ընտանիքին գտել է հաջորդ օրը ճամբարում։ Պատմում է ընտանիքի հետ հանդիպումը, քաոսի մեջ լացն ու ծիծաղն իրար խառնված գրկախառնությունները, կնոջ ու մանկահասակ 2 աղջիկների ու 3 ամսական որդու վախերը, ավագ որդու՝ Ռազմիկի փնտրտուքները։
«Ռազմիկը մանկապարտեզում է եղել, ոչ ոք նրա մասին տեղեկություն չուներ։ Այդ ժամանակ հայրս ճամբարում չէր, գնացել էր Ռազին ման գալու։ Մինչև հիմա փնտրում ենք»։
Տղան 3 տարեկան էր, հոր սիրտը վկայում է, որ Ռազմիկը ողջ է, հավանաբար նրան ուրիշ երկիր են տեղափոխել։ «Եթե ողջ լինի, հիմա 39 տարեկան տղամարդ է, եթե ոչ, ապա՝ հավերժ 3 տարեկան հրեշտակ։ Շատ ենք փնտրել, դիմել ենք տարբեր երկրների մանկատներ, հիվանդանոցներ, երկրաշարժի հետևանքով բացված անօթևան երեխաների խնամքի կենտրոններ, չկա ու չկա»,- հավելեց նա։
Հայրն ափսոսում է, որ որդուց նույնիսկ նկարներ չեն պահպանվել։ Սակայն հոգու ցավն այսօր փարատում է կրտսեր Ռազմիկը, որ շարունակում է հորեղբոր անունը։
Ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին, 9 բալլ ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում ու հարակից բնակավայրերում: Պաշտոնական տվյալներով երկրաշարժին անմեղ զոհ է դարձել 25 հազար մարդ, հարյուր հազարավորներ մնացել են անօթևան: 36 տարի անց էլ աղետի գոտին դեռ ամբողջովին վերականգնված չէ, ժամանակավոր կացարաններում շուրջ 6 հազար ընտանիք է դեռ ապրում:
Հունան Թադևոսյան