Պետք է կասեցվի լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում ճեպազրույցի մեկնարկը տվեց տարբեր պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին խոսելով։
«Այդ առումով նաև կուզեի անհանգստություն հայտնել։ Վերջին մի քանի օրերին առավել խայտառակ դրսևորումներ եղան, երբ լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ակնարկելով, որ դա համակենտրոնացման ճամբար է»,-ընդգծեց Մանուկյանը։
Պատգամավորը, որպես լրատվական ոլորտում աշխատած անձ, կոչ արեց լրագրողներին իրենց իրավունքներին մինչև վերջ տեր կանգնել։ Վերհիշեց ԱԺ-ում տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերը, երբ լրագրողի նկատմամբ անգամ պատգամավորի փոքրիկ ոտնձգության դեպքում լրագրողներ են եղել, որ ֆիզիկական հակազդեցության են դիմել։
«Ես կարող եմ դեպքեր հիշել, որ լրագրողները պաշտպանել են իրենց գործընկերների շահերը․ սա պետք է կասեցվի, հակառակ դեպքում մենք վաղը կտեսնենք շատ ավելի խայտառակ դրսևորումներ»,- իր խոսքն ամփոփեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։