ՀՀ-ն սահմանված ժամկետում ներկայացրել է առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ

ՀՀ-ն սահմանված ժամկետում ներկայացրել է առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը պարզաբանում է ներկայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի ընթացքի վերաբերյալ․

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան ս.թ. հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։

Դատարանի Կանոնների համաձայն պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են Դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ։

Նախնական առարկություններ ստանալուց հետո Դատարանն իր Կանոնների համաձայն կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչև նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։

Ս.թ. ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Հայաստանի կողմից ներկայացրած նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիումում տեղ գտած պահանջների մեծ մասին։ Միաժամանակ Հայաստանը ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։

Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկութունների վերաբերյալ Դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում»,- ասված է պարզաբանման մեջ։

MediaHub-ը հիշեցնում է, որ նախօրեին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ ՄԱԿ–ի միազգային դատարանը կասեցրել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայցի ըստ էության քննությունը։ Ավելի վաղ` ապրիլի 21-ին, դատարանը կասեցրել էր նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հայցի քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։