Ցավը սահման չունի․ գիտեմ, որ հայ ժողովրդի համար այս ամենը դժվար է․ թուրք լրագրող

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 հազարի: Հայաստանից Թուրքիա մեկնած որոնողափրկարարական թիմը շարունակում է աշխատել Ադըյաման քաղաքում։
MediaHub-ը զրուցել է թուրք լրագրող Սերդար Քուրուչուի հետ։ Վերջինս պատմել է, թե ինչ իրավիճակ է աղետի գոտում։
-Ի՞նչ վիճակ է Թուրքիայում: Ստանո՞ւմ եք այն օգնությունը, որն անհրաժեշտ է։
-Իմ բնակության վայր Ստամբուլը հեռու է երկրաշարժի գոտուց։ Բայց փաստ է, որ երկրաշարժի գոտում օգնություն հասցնելը դժվար է։ Խոսքը 10 քաղաքների մասին է, իսկ այստեղ ապրող բնակչության քանակը գրեթե այնքան է, ինչքան Կովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում։ Օգնություն ցուցաբարել նման մեծ բնակչությանը շատ դժվար է։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ բոլոր գերատեսչություններն աշխատում են։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մեղադրում է Թուրքիային 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմին աջակցելու մեջ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանից Թուրքիա օգնություն ուղարկելը։
-Ոչ միայն պատերազմը, այլ նաև Հայոց ցեղասպանությունը փոս է երկու երկրների միջև, ինչպես Հրանտ Դինքն էր ասում՝ «1915-ի խորությամբ»։ Եթե անգամ պատերազմը չլիներ, Հայաստանում որոշ շերտեր կասեին՝ ինչ է, հայերը պիտի օգնե՞ն Արևմտյան Հայաստանում կատարված ցեղասպանության մեղավորների սերունդներին․ կարող էին ասել։ Գիտեմ, որ հայ ժողովրդի մի մասի համար այս գործընթացը դժվար է, բայց սա Հայաստանի առաջին օգնության առաջարկը չէ։ Նա նաև օգնության ձեռք է մեկնել Անկարային 1999 թվականի երկրաշարժի ժամանակ։ Երեւանը դրա դեմ մերժում է ստացել։ Այսօր էլ ակտուալ են Արա Պապյանի խոսքերը, որն այդ ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր՝ ցավը սահման չունի։
-Ի՞նչ սպասել Թուրքիայի քաղաքական դաշտում։ Կհետաձգվե՞ն մայիսին սպասվող ընտրությունները, թե ոչ։
-Անհնար է կանխատեսել։ Ներկայումս Թուրքիայում ազգային սուգ է, սա կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ, թե ինչ կլինի՝ անկանխատեսելի է։
Լիաննա Թորոսյան