Ի՞նչ են անելու Ղազարյանն ու Մալյանը․ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը պատասխանատվության կենթարկվի՞

Ինչպես հայտնի է, քաղաքական-հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը ԱԺ 107 պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու պահանջով նամակներ են հանձնել, որը մի քանի օր է դարձել է հանրության շրջանում քննարկման առարկա։
Պատգամավորներից շատերն արդեն արձագանքել են այս նամակներին:
Սակայն «ամենատարբերվողը» ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր, ով ուղիղ եթերում երեկ պատռեց նամակը և ակնհայտ արհամարհական պահվածք դրսևորեց իրեն դիմած քաղաքացիների նկատմամբ։ Պարզվեց՝ ԱԺ պատգամավորի կողմից քաղաքացու դիմումը պատռելու դեպքում կարող է նաև պատասխանատվության սահմանվել։
Ի՞նչ են անելու Ղազարյանն ու Մալյանը, արդյո՞ք պատասխանատվություն կսահմանվի ՔՊ-ական պատգամավորին, քայլեր ձեռնարելո՞ւ են․ MediaHub-ը զրուցեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։
«Այս պահին դեռ չենք պատրաստվում, քանի որ մեր համար սահմանված ժամկետ ունենք Ազգային Ժողովի պատգամավորների արձագանքը ստանալու համար: Դա էլ (Արսեն Թորոսյանի նամակ պատռելը - խմբ.) արձագանքից մեկն է, որովհետև կարող է այլ պատգամավորներ այլ ստեղծագործական մոտեցում ցուցաբերեն նամակներին արձագանքելու վերաբերյալ, և կարող է պարզվի՝ սա դեռ որոշ պատգամավորների ամբողջ պերճանքն ու թշվառությունը չի: Սպասենք, տեսնենք՝ բոլորն ի՞նչ ստեծագործական մոտեցում են ցուցաբերում, և ամփոփելով` մենք մեր թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականները անշուշտ կտանք այդ գործընթացի և արձագանքների վերաբերյալ»,- նշեց Ղազարյանը։
Ըստ նրա՝ այս պահին ակնհայտ է մեկ բան, որ այդ օրակարգը, ինչպես և կարելի էր սպասել, դարձել է հանրային խոսույթի քննարկման գլխավոր օրակարգը։
«Այն, որ բազմաթիվ պատգամավորներ տարբեր խմբակցություններից հիմա ինտենսիվ հարցազրույցներ են տալիս, անդրադառնում են այդ խնդրին վկայում է դրա կարևորության, արդիականության, հրատապության մասին, քաղաքական իմաստով պահանջված լինելու մասին: Եվ մենք ո՛չ միայն սպասում ենք պատգամավորների գրավոր պատասխանին, այլ նաև հետևում ենք հանրային խոսույթում, տարբեր լրատվականներում բոլոր պատգամավորների տված հարցազրույցներին, իրենց տեսակետներին, բայց չենք շտապսում առայժմ ամփոփումներ անել, սահմանված ժամկետում կանենք և արդյունքները կներկայացնենք: Ամփոփ տեղեկանք կպատրաստեմ՝ յուրաքանչյուր պատգամավորի անհատական դիրքորոշման վերաբերյալ»,- հավելեց Ղազարյանը։
Մարիաննա Արամյան