Յուն Սեոկ Յոլը վերջնականապես հեռացվել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնից

Յուն Սեոկ Յոլը վերջնականապես հեռացվել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնից

Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հարավային Կորեայի արդեն նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու որոշումը և հեռացրել է պետության ղեկավարի պաշտոնից։

Դատավորների ութ հոգուց բաղկացած կոլեգիան իր վճռի ժամանակ հայտարարել է, որ նախագահն իր՝ երկրում ռազմական դրություն հայտարարելու չհաջողված որոշմամբ խախտել է Սահմանադրությունը, նաև օրենքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքները։

Այժմ երկիրը պետք է նոր նախագահ ընտրի 60 օրվա ընթացքում։

Յուն Սեոկ Յոլը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից՝ «նրանց սպասելիքները չկատարելու համար»։

Անցած դեկտեմբերին Յունը փորձել էր երկրում ռազմական դրություն հայտարարել։ Դրանից հետո խորհրդարանը նրան մեղադրել էր ապստամբության փորձի համար և իմփիչմենթի ենթարկել պետության ղեկավարին։

Նա հեռացվել էր իր պարտականություններից, սակայն պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր եղել Սահմանադրական դատարանի որոշումը։ Այս ամբողջ ընթացքում Յուն Սեոկ Յոլը պաշտոնապես մնացել էր Հարավային Կորեայի նախագահ։

Նա հերքել էր ապստամբության փորձի մեղադրանքները և ասել, որ իր «քաղաքականորեն կշռադատված որոշումը» կայացվել է պետությունը ընդդիմությունից պաշտպանելու համար, որը, ըստ Յունը, կաթվածահար էր արել կառավարությունը:

Նրա փաստաբաններն ասել են, որ Սահմանադրական դատարանում անցկացված գործընթացը «ապօրինի էր և անարդար»: