Աղմկահարույց վարձակալության գործարքի հետքերով. «Կովերի պարտեզում» կրկին բախումներ են

Աղմկահարույց վարձակալության գործարքի հետքերով. «Կովերի պարտեզում» կրկին բախումներ են

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը կրկին բախումների էպիկենտրոն է դարձել։

Ոստիկանների հսկողությամբ երկու օր առաջ տարածք են եկել «Կովերի պարտեզը» 99 տարով վարձակալած իսրայելական ընկերության մի խումբ ներկայացուցիչներ։ Ըստ տեղի հայերի՝ նրանք ավերել են հերթապահության համար նախատեսված երկու տնակները, որոնք ամիսներ առաջ կառուցվել էին հայկական համայնքի կողմից տարածքը, ինչպես նաև մուտքն ու ելքը հսկելու համար: Իրավիճակը հասկանալու համար MediaHub-ը կապ հաստատեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Երեկ ևս հարձակում է եղել «Կովերի պարտեզի» վրա: Իսրայելական ոստիկանությունը, մի խումբ ծայրահեղականների հետ միասին, այցելել են տարածք և ասել, որ հերթապահության երկու տնակները պետք է քանդվեն»,- ասաց Հակոբ Ջրնզյանը:

Ոստիկանությունը ժամանելով որևէ թուղթ չի ներկայացրել՝ ո՛չ համայնքին, ո՛չ պատրիարքությանը, ո՛չ էլ փաստաբանին և ուժ կիրառելով քանդել են պահակատները:

Միջադեպից հետո էլ հայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են հերթապահությունը՝ արդեն բաց երկնքի տակ։ 

«Սա առաջին հարձակումը չէ, որ տեղի է ունենում «Կովերի պարտեզի» հողատարածքի վրա: Սա արդեն 7-8-րդ հարձակումն է վերջին ամիսների ընթացքում»,- ասաց մեր զրուցակիցը:

Գործարքն երուսաղեմահայերը վիճարկում են նաև դատարանում:

Վիճահարույց պայմանագիրը կնքած Հայոց պատրիարքարանն էլ ամիսներ առաջ այն միակողմանի չեղարկել էր ու իր հերթին դատարան դիմել։ Թե ինչպես է «Xana Gardens» -ը տարածքին տիրացել՝ մինչ այժմ մնում է մութ ու վիճելի:

Նախկին վարդապետն էլ պնդել է, որ Հայոց պատրիարքը լիարժեք մասնակցել է երկարատև բանակցություններին ու անձամբ է ստորագրել վարձակալության համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղել «Xana Gardens» ընկերությանը՝ չեղյալ հայտարարելու 2021 թ. հուլիսի 8–ի համաձայնագիրը, որի համաձայն հողամասը 99 տարով վարձակալության էր հանձնվել գործարար Դանիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոցի կառուցման համար։

Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։ Մինչ այժմ հայտնի էլ չէ՝ որքան գումարի դիմաց է այս ամենն անցել «Xana Gardens»-ին։ Թե որքան կտևի գործարքի վերաբերյալ դատական գործընթացը, հայ իրավաբանները չեն շտապում գնահատականներ տալ։

 

Ռեբեկա Հովհաննիսյան