Ո՞վ տապալեց Բրյուսելի հանդիպումը

Ո՞վ տապալեց Բրյուսելի հանդիպումը

Ավարտված շաբաթը գերհարուստ էր իրադարձություններով, որոնք կարող են առաջիկա ամիսների համար կանխորոշել հայ- ադրբեջանական հարաբերությունների դինամիկան:

Ցավոք, լավատեսության հիմքերը շատ չեն ու այս առումով բավականին դիպուկ գնահատական է տվել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը, ով իրադրությունը փակուղի կմտցնի, ով այնպիսի հայտարարություն կանի, ինչը նոր մարտական գործողությունների սպառնալիք կառաջացնի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում:

«Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել է Իլհամ Ալիևը:

Պաշտոնական Երևանը հերքում է Ալիևի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը։ Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, ասել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։

Պաշտոնական Երևանի ելակետը պարզ է՝ Պրահայի հանդիպմանը, որը քառակողմ ձևաչափով էր, ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն։ Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
Սկզբունքորեն Հայաստանի իշխանությունը ճիշտ է, մյուս կողմից՝ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց Բրյուսելի հանդիպումից:

Պատճառները կարող են մի քանիսը լինել:

Առաջին տարածված կարծիքը հենց այն է, ինչի մասին հրապարակավ հայտարարում է Ալիևը՝ Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կորցրել է անկողմնակալ միջնորդի կարգավիճակը:

Մյուս կարծիքը, որ դարձյալ խիստ արժանահավատ է, այն է, որ Բաքուն մաքսիմալիստական օրակարգ ունի ու փորձում է ճնշում բանեցնել Հայաստանի վրա՝ գործի դնելով «սողացող պատերազմի» մարտավարությունը: Պատահական չէ, որ վերջին օրերն Բաքվուն՝ Ալիևի մակարդակով, դարձյալ շրջանառու է դարձրել «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ զուգահեռաբար զարգացնելով կեղծ նարատիվ, թե Հայաստանը Լաչինի միջանցքը օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով: Կա վարկած, որ ադրբեջանական ագրեսիայի նոր նպատակը դառնալու է հենց Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատումը:

Եվ վերջապես, չի բացառվում, որ Մոսկվային հաջողվել է բանակցային գործընթացը վերադարձնել իր վերահսկողության ներքո, ինչի վկայությունն են Ալիևի ու Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները: 

 

Վահրամ Բագրատյան