Տնտեսվարողները կառավարության դիմաց ակցիա կանեն․ ռուսական կողմը մոտ 60 բեռնատար հետ է դարձրել Լարսից

Տնտեսվարողները կառավարության դիմաց ակցիա կանեն․ ռուսական կողմը մոտ 60 բեռնատար հետ է դարձրել Լարսից

Մի քանի օր է, Լարսի ռուսական անցակետում հայկական բեռնատարների համար խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել։ Մեզ ասացին, որ բոլոր այն բեռները, որոնք պետք է ֆիտոսանիտարական ստուգում անցնեն, ռուսների կողմից հետ են վերադարձվում՝ պատճառաբանելով, թե բեռների մեջ ֆիտոսանիտարական նորմերին չհամապատասխանող օտար մարմիններ են հայտնաբերվել։
Գործարար Աշոտ Հակոբյանը, որը Հայաստանից դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանմամբ է զբաղվում, Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ շաբաթ օրվա դրությամբ մոտ 60 բեռնատար է Լարսից ճարահատյալ հետ վերադարձել Հայաստան, որոնց թվում նաև իրենց ընկերությանը պատկանող մեքենան է՝ բեռնված ծաղիկներով։

«Արդեն չորս ամիս է, ռուսական կողմի շնորհիվ Լարսի անցակետի թողունակության հարցը լուծվեց: Ու հիմա տարողունակության խնդիր չունենք, բայց հինգշաբթի օրվանից խնդիր է առաջացել, ու մեր մեքենաները հետ են ուղարկում՝ մեզ ասելով, որ խնդիրը քաղաքական է։ Մեր վարորդները, որոնք զանգել են նաև ՊԵԿ, մեզ ասում են, որ Լարսից բառացիորեն ասել են՝ «խնդիրը ձեր կառավարության հետ է, գնացեք ձեր երկիր, խնդիրը ձեր երկրի հետ է»։ Ու դա ակնհայտ երևում է, որովհետև չի կարող միանգամից և՛ լոլիկի մեջ, և՛ ծաղիկի մեջ, և՛ կորոլյոկի մեջ, և՛ ձկան մեջ ֆիտոսանիտարական խնդիր հայտնաբերվի։ Երեկ էլ ասացին՝ «Արտֆուդից» չորս մեքենա հետ են ուղարկել»,- ասաց Աշոտ Հակոբյանը՝ նշելով, որ հինգշաբթի օրվանից ֆիտոսանիտարական ստուգման ենթարկված ոչ մի հայկական բեռնատար Լարսը չի անցել։

Նրա խոսքով՝ նախկինում ֆիտոսանիտարական ստուգումը իրականացվում էր աչքով ու հենց մաքսատանը, իսկ հիմա մեքենաները պահում են, բեռներից նմուշ են վերցնում, ուղարկում Վլադիկավկազ՝ փորձաքննության, հաջորդ օրը նոր պատասխանը գալիս է, որ մերժվել են։ Այդ մերժված մեքենաներից մեկն էլ Հակոբյանի հիմնած ընկերության ծաղիկները տեղափոխող բեռնատարն է եղել, որն արդեն վերադարձել է Հայաստան, իսկ ապրանքն էլ, բնականաբար, թափելու են՝ դրանից բխող ֆինանսական վնասներով։ 

Տեսակետ կա, որ ռուսների կողմից այսպիսի խնդիրների հարուցումը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների առաջին դեմքերի կողմից ՀԱՊԿ նիստերին չմասնակցելու ու դրանք բացահայտ արհամարհելով, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հակառուսական հայտարարությունների, արտաքին քաղաքական վեկտորի ակնհայտ փոփոխության հետ։

Սրանով ռուսները, փաստացի, պատժում են մեզ՝ էական վնաս հասցնելով հայկական բիզնեսին և հայ գործարարներին, որոնք ռուսական շուկայի հետ հույսեր կապելով՝ հսկայական վարկեր են վերցրել, բիզնես են հիմնել, այդ թվում՝ կառավարության աջակցությամբ, ու հիմա կանգնել են փաստի առջև։

Աշոտ Հակոբյանն այս առնչությամբ ասաց, որ ինքը հստակ չի կարող ասել՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլի՞սն էր պատճառը, թե՞ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը, բայց ակնհայտ է, որ այսօր վեկտորի փոփոխություն ենք տեսնում, ինչն էլ անդրադառնում է տնտեսվարողների վրա։
«Եթե իմ ամսական ծախսը՝ իմ վարկերով, կազմում է 110 միլիոն, ես օրը 3.5 միլիոնի վնաս եմ կրում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ իրենք պատրաստվում են գործարարներով վաղը հավաքվել ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կամ որևէ այլ պատասխանատու պաշտոնյայի հետ, որ հասկանան՝ որքա՞ն է շարունակվելու այս իրավիճակը և ինչպե՞ս է ստացվում, որ, մի կողմից, կառավարությունը տարբեր գործիքներով խթանում է բիզնեսի հիմնումն ու արտահանումը, մյուս կողմից այսպիսի խոչընդոտների են բախվում։

Mediahub-ը փորձեց Պետեկամուտների կոմիտեից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն ՊԵԿ-ից հղում արեցին երեկ իրենց տարածած հաղոդրագրությանը՝ ասելով, թե դրան ավելացնելու բան չունեն այս պահին։ Իսկ հաղորդագրության մեջ կոնկրետ լուծում չառաջարկող անհասկանալի ու ոչինչ չասող ձևակերպումներ են, օրինակ. «Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան»։ 

Հետո էլ նշել են, թե «Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին»։ Սրանով հավանաբար ուզում են ակնարկել, թե տնտեսվարողներն են մեղավոր, որ իրենց մեքենաները չեն հատում վրաց-ռուսական սահմանը, քանզի իրենց մոնիթորինգը ցույց է տալիս, որ  բազմաթիվ հայկական բեռնատարներ անցնում են։

Մինչդեռ ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական է, ինչը բառացի հասկացնում են ռուսները, և ՊԵԿ-ն ու այլ գերատեսչություններ` գիտակցելով հանդերձ, չեն կարողանում դա խոստոնավանել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են պատճառը։

Վահե Մակարյան