Փաշինյանը պնդեց իրենը՝ հասարակությանը վախեցնելով Փառուխի նախադեպով

Փաշինյանը պնդեց իրենը՝ հասարակությանը վախեցնելով Փառուխի նախադեպով

 

Նախօրեի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխը ձեզ օրինակ, արդեն երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին Փաշինյանն ասել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը։Այսպիսով՝ գրեթե ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի դիտարկում Արցախի անկախության տարբերակը ու կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ընդ որում, Փաշինյանը չի էլ հստակեցնում, թե իր սցենարի պարագայում, որն է լինելու Արցախի կարգավիճակը՝ մշակութային ինքնավարությո՞ւնը, ինչի մասին պարբերաբար ակնարկում է Իլհամ Ալիևը, թե՞ Հայաստանի վարչապետը տեսնում է ԼՂ-ի քաղաքական ինքնավարության հնարավորություն։

Եթե խնդիրը կարգավորվելու է ալիևյան սցենարով, ապա Արցախին անխուսափելի սպառնում է հայաթափության վտանգ։ Մյուս կողմից, տեսանելի չէ՝ ինչպես է Փաշինյանը պնդելու ԼՂ-ի քաղաքական ինքնավարության վրա, եթե Ալիևը կտրականապես հերքում է Լեռնային Ղարաբաղի սուբեկտությունը, հակամարտության գոյությունը։
Սակայն Փաշինյանի երեկվա ելույթի մեջ ուշագրավ է այլ հանգամանք։Նա հասկանում է, որ խաղաղության իր օրակարգը չի վայելում հանրության աջակցությունը ու փորձում է դրան հասնել՝ հասարակությանն ահաբեկելու, վախերի մեջ պահելու գնով։ Հենց դրան էր ծառայում Փառուխի նախադեպի հիշատակումը։
Խաղաղության գործընթացը հասարակությանն ահաբեկելով տեղի չի ունենում։ Դա, անշուշտ, նման է միակողմանի զիջումների, եթե ավելի կոպիտ բառ չօգտագործենք։

Վահրամ Բագրատյան