Ես իմ կյանքը համարում եմ խորտակված, քանի դեռ իմ հայրենիքը վերադարձված չէ, ի՞նչ սպասելիք կարող եմ ունենալ 2024-ից

Ես իմ կյանքը համարում եմ խորտակված, քանի դեռ իմ հայրենիքը վերադարձված չէ, ի՞նչ սպասելիք կարող եմ ունենալ 2024-ից

2023 թվականին ունեցած կորուստների, ձեռքբերումների և հոգևոր կյանքի մասին MediaHub-ը  զրուցել է Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

-Սրբազան, ինչպիսի՞ն էր  2023 թվականը հոգևոր, բարոյական, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական առումով, ի՞նչ կորուստներ և ձեռքբերումներ ունեցանք անցնող տարում։
-Իմ կյանքի վատագույն տարին էր, ոչ թե անձնական իմաստով, թեպետ՝ նաև անձնական, որովհետև ես շատ անձնական ողբերգություն եմ համարում հայրենիքի կորուստը, հայրենիքի ամեն մի թիզ հողի կորուստը, էլ ուր մնաց, որ մեր հայրենիքի լավագույն մասը կորցնենք ու էսպես անցավ ապրենք։ Ես համարում եմ ամենախայտառակ տարին իմ կյանքում վաթսուն տարվա մեջ։ Ու ոչ մի ձեռքբերում չի կարող փոխհատուցել հողային կորուստը, հայրենիքի կորուստը։ Ոչ մի ձեռքբերում։ Եւ պետք է հայ ժողովուրդը դադարի դատարկ բաներով ոգևորվել՝ այսինչ հայ մարզիկը հաղթեց այսինչ ադրբեջանցի մարզիկին։ Դա փոխհատուցո՞ւմ է հայրենիքի կորուստը։ Կամ որ ոմանք ասում են՝ «նեմեսիս»․ նեմեսիսը փոխհատուցո՞ւմ է, էն նեմեսիսը նույնիսկ փոխհատուցե՞ց Արևմտյան Հայաստանը։ Կարելի՞ է 200 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի կորուստը համեմատել մի քանի սրիկա շուն-շանորդու սպանության հետ և դրանով բավարարվել։

-Իսկ հոգևոր առումով ինչպիսի՞ն էր տարին մեզ համար։ Շատ են խոսում, որ վերջին տարիներին հայ ժողովուրդը գնալով հեռանում է հոգևոր կյանքից, հոգևոր արժեքներից։ 
-Ոչ, այդպես չէ, հայ ժողովուրդը վաղուց է հեռացել՝ մոտ հարյուր տարի առաջ, 1890 թվականից սկսած բռնել է հեռացման ճանապարհը, և դրա համար էլ առ այսօր հատուցում է։ 

-Պատժվո՞ւմ է։
-Պատժվելը ո՞րն է, ինքն է իրեն պատժում, ես երբեք չեմ ասում, որ Աստված պատժում է։ Ո՛չ։ Երբ դու հեռանում ես Աստծուց, դու քեզ դնում ես անցանկալի իրավիճակների մեջ։ Դու էն անձրևանոցը, որ պիտի ունենայիր կարկուտի ժամանակ, դեն ես նետում։

-Տպավորություն է, որ որքան էլ մենք սխալներ ենք թույլ տալիս ու դասեր չենք քաղում, հեռանում ենք Աստծուց, մեր դավանած արժեքներից ենք հեռանում, Աստված վերջում էլի, միևնույն է, մի դուռ բացում է մեզ համար, բարեհաճ է գտնվում մեր հանդեպ, չի թողնում կործանվենք։
-Աստված միշտ էլ սիրել է և սիրում է հայ ժողովրդին, հայ ազգին ու նաև ամբողջ մարդկությանը։ Եւ էսքան, որ մնացել ենք և էսքան էլ, որ կանք, Աստծո շնորհիվ է, և Աստծո ներկայությունը վայելող, Աստծո ներկայությունը ժողովրդին փոխանցող հայ առաքելական եկեղեցու շնորհիվ է։ Ոչ մի իշխանություն թող չկարծի, թե Հայաստանի Հանրապետությունը իրենց շնորհիվ է։ Այս Հայաստանի Հանրապետությունը կայացել և գոյություն է ունեցել ու կյանքի է կոչվել հայ եկեղեցու շնորհիվ։

-2023 թվականն ամփոփվեց մի մրցանակաբաշխությամբ, որի անունը դրել են «Մեր ժամանակների հերոսը», և դրա գլխավոր մրցանակակիր մի սյունեցի մանկավարժ ոգևորված ասաց, որ մենք վերջապես պետություն ենք դառնում՝ կոչ անելով աշխարհին գալ, միանալ։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այսպիսի հերոսներին։
-Ես չգիտեմ՝ ովքեր են մեր ժամանակների հերոսները, մեր ժամանակները հերոսներ չունեն, չի կարող մի ժամանակ հերոս ունենալ, երբ դու ունես կորուստ։ Հայրենյաց կորստյան պայմաններում դու հերոս ունենալ չես կարող, այնպես որ, ինձ համար ոչ մի հերոս չկա, 2020 թվականից մինչև այսօր մեզանից ոչ մեկը հերոս չէ և չի էլ կարող լինել։ Գուցե հերոսներ կան այն երեխաների մեջ, որոնք դեռ պիտի մեծանան, բայց մեր՝ չափահասների մեջ հերոսներ չկան, և իզուր տեղը մի՛ փնտրեք։ Ինչ վերաբերում է պետականության կայացմանը, դա իրենց մտածելակերպի արգասիքն է, այսինքն՝ վերջիվերջո հայը դարձավ պրագմատիկ, հրաժարվեց ծավալապաշտական մոտեցումներից և տեղավորվեց իրեն տրամադրված 29.8 հազար քառ․ կմ տարածության մեջ։

-Ի դեպ, սրբազան, 2023 թվականն աչքի ընկավ նաև եկեղեցի-քաղաքական իշխանություն բախումներով, և այդ ֆոնին Դուք էլ հայտնվեցիք իշխանությունների թիրախում․ ձեզ մեղադրում են հոգևոր կյանքը թողնելու և քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքականացված լինելու մեջ։
-Ես քաղաքականցված չեմ, ես քաղաքականությունից չեմ խոսում, ես խոսում եմ ազգից և հայրենիքից, որովհետև Աստծուց հետո ինձ համար հայրենիքն է և ազգն է։ Ես քաղաքական հայացնքեր չունեմ, ես քաղաքական նկրտումներ չունեմ, ես քաղաքական մարդ չեմ։ Էդպես ասողները ծանոթ չեն ոչ իմ կյանքին, ոչ էլ օրվա կարգին, և իրենք չգիտեն, թե ես օրվա քանի՞ ժամն եմ անցկացնում եկեղեցական գործունեության մեջ, որքան ժամն եմ տրամադրում աղթոքին, և ինչքան չնչին մասն է, որ տրամադրում եմ լրագրողներին, որպեսզի իրենց մոտ ներկայացնեմ իմ «քաղաքական հայացքները»։ Եւ եթե դուք՝ լրագրողներդ, միայն քաղաքական հարցեր եք ինձ տալիս, ես մեղավոր չեմ, որ դրանց հետևում են քաղաքական պատասխաններ։ Տայիք հոգևոր հարցեր, ստանայիք հոգևոր պատասխաններ։

-Իսկ ի՞նչ սպասել 2024 թվականին, նոր տարուց միշտ դրական սպասելիքներ են լինում, ի վերջո։
-Ես ոչ մի լավ բան այլևս չեմ սպասում և սպասելու ցանկություն էլ չունեմ։ Ես իմ կյանքը համարում եմ խորտակված, բայց դա չի նշանակում, որ չեմ աշխատելու այսուհետ։ Շարունակելու եմ իմ գործը, իմ առաքելությունը և իմ պայքարը այսուհետ ևս։ Բայց իմ կյանքը ես համարում եմ խորտակված, որովհետև այն ամենը, ինչին որ ձգտեցի, ինչ  փորձեցի անել, այս իշխանությունները խորտակեցին։ Իմ հայրենիքը տվեք ինձ, քանի դեռ իմ հայրենիքը վերադարձված չէ, ես ի՞նչ սպասելիք կարող եմ ունենալ 2024 թվականից։ Իսկ քանի դեռ մեր հասարակությունն էլ այդ ուժականությունը, կարողությունը և ցանկությունը չունի հայրենիք վերադարձնելու, այլ, ինչպես «օրվա հերոսն» է ասել՝ «վերջապես դարձել ենք պետություն», ուրեմն ես ոչ մի լավ բան չեմ կարող սպասել։

Վահե Մակարյան