Իրավական «բեսպրեդել»

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Իհարկե, այդպես էլ անհայտ մնաց, թե Շահրամանյանն ինչ «կարևոր» տեղեկատվություն պետք է փոխանցի հանձնաժողովին, երբ 44-օրյա պատերազմին նախորդող և բուն պատերազմի օրերին զբաղեցրել է պաշտոն, որն, ըստ էության, առնչություն չունի Անդրանիկ Քոչարյանի և մյուսների ուսումնասիրության օբյեկտի հետ:
Մնում է ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը բացահայտումների հարցում այնքան է թերացել, որ ձեռքը «փրփուրներից» է գցում: Դա, թերևս, բնական է, որովհետև այս հանձնաժողովի «առաքելությունն» ի սկզբանե եղել է ոչ թե ճշմարտության բացահայտումը, այլ Նիկոլ Փաշինյանի մեղքերի մաքրումը:
Սակայն կա ավելի լուրջ խնդիր, որն Անդրանիկ Քոչարյանի ու հանձնաժողովի մյուս անդամների գործունեությունը դուրս է դնում օրինականության և իրավունքի հարթությունից:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ Մինասյանը պնդում է, որ 2023թ. օգոստոսի 11-ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ։ Անդրանիկ Քոչարյանը խմբակցության հարցմանը գրավոր պատասխանել է` ժամկետի երկարաձգումը հիմնավորելով այսպես. «2 տարի շարունակ, ամեն տարի 1 ամսով հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետևաբար հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է»։
Իրավական առումով՝ անհնար է փաստարկ համարել Քոչարյանի անհեթեթությունը, բայց զուտ տրամաբանության տեսանկյունից ստացվում է, որ ըստ Քոչարյանի՝ խորհրդարանը պետք է պաշտոնավարի ոչ թե օրենքով նախատեսված հինգ տարին, այլ դրանից մոտ կես տարի տարի:
Այստեղ մարդու բանականությունը, տրամաբանությունը կանգ են առնում, դառնում են անզոր իրավական ակնհայտ «բեսպրեդելի» առաջ:
Վահրամ Բագրատյան