Ո՞ւր են մեր գումարները և ինչո՞ւ չեն հասնում հասցեատերերին․ արցախցիներ

Ո՞ւր են մեր գումարները և ինչո՞ւ չեն հասնում հասցեատերերին․ արցախցիներ

Արցախցիների կուտակային կենսաթոշակների խնդրի մասին խոսվել է տարբեր մակարդակներում։ Սակայն, ինչպես դա, այնպես էլ աշխատավարձերի վերջնահաշվարկի հարցերը չեն լուծվել, օրենքով վերապահված պարտավորությունները չեն կատարվել։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, թե ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ՀՀ Սահմանադրական դատարան են դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» համապատասխանության հարցը որոշելու հարցով, նորից թեժացրել է այս թեման։

«Երբ կուտակային կենսաթոշակների հարցով դիմել ենք Արցախի ներկայացուցչություն, սպառիչ պատասխան չեն տվել, այն ժամանակ պետնախարարը Արթուր Հարությունյանն էր, ասաց՝ «հակառակ մեր առաջարկներին, ՀՀ կառավարությունն առայժմ այս մասով ոչ մի քայլ անում։ Ավելին, Արցախի պետական բյուջեն սառեցված վիճակում է, լեզու չենք գտնում, որ թույլտվություն ունենանք հանելու և բաժանելու մեր քաղաքացիներին»։

Դրանից հետո պետական նախարար նշանակվեց Արամ Սարգսյանը, էլի դիմեցինք՝ ստացանք նույն պատասխանը։ Նա ասաց՝ «այդ գումարը բացառապես պատկանում է արցախցիներին, որովհետև ժամանակին իրենց աշխատավարձերից պահումներ են արվել։ Այդ գումարը ոչ ոք չի կարող տնօրինել»։ Հիմա ո՞ւր են մեր գումարները և ինչո՞ւ չեն հասնում հասցեատերերին»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտից տեղահանված Նարինե Ավանեսյանը։ 

Նարինեի տեղեկություններով՝ ՀՀ կենտրոնական բանկը դեմ չի եղել այդ գումարները փոխանցելու, սակայն, ինչ որ մի տեղ, ինչ որ մեկը խաբել է։

«Առանց այն էլ ամեն ինչ կորցրել եկել ենք։ Սրանից ավելի վատ բան չէր կարող լինել մարդու հետ։ Ապրում ենք վարձով, բնակարանների գները աստղաբաշխական են։ Այս պահին բոլորս՝ բացի Արցախս թալանած-լափած հրեշներից, գումարի կարիքի մեջ ենք։ Մեզ վերադարձնեն մեր գումարները, իմանանք ինչի վրա ենք ծախսում, ոչ թե առանց իմ կամքը հաշվի առնելու, իմ գումարները տեղափոխեն ՀՀ կուտակային համակարգ»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան