Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը չե՞ն շփվում. դա էլ է Բաքվի պահա՞նջը

Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է սրվել։ Այդ մասին խոսվում է թե՛ արտաքին, թե՛՝ ներքին ճակատում։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերը սկսում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի ապօրինի քայլերի մասին ելույթով, ԵԽԽՎ-ում էլ հայ պատվիրակներն են ներկայացնում, թե ինչ վիճակ է ստեղծվել։ Այս ամենին զուհագեռ, երբ ՀՀ ղեկավարը Կառավարության նիստերին, ինչպես նաև միջազգային հանդիպումներին բարձրաձայնում է նշված խնդիրը, որևէ հարթակում չենք տեսնում, թե նույն խնդրի մասին ի՞նչ է խոսում նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
MediaHub-ը առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է այս հարցը, թե ինչու Փաշինյանն ու Հարությունյանը հրապարակային կապ այլևս չեն պահում:
Արդյո՞ք Փաշինյանը կապ չի հաստատում Արցախի նախագահի հետ, արդյո՞ք քննարկվելիք հարցեր չկան․ վարչապետիաշխատակազմի լրատվության և հանրային կապերի վարչությունից արձագանքում են՝ պնդելով, թե Փաշինյանն ամենօրյա կապի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ։
«Ինչո՞ւ պետք է հաղորդագրություն տարածենք այդ մասին։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասաց, որ օրվա մեջ մի քանի անգամ կապ է հաստատում Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում առկա վիճակը»,- ասաց վարչապետի աշխատակազմի լրատվության և հանրային կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Վերջինիս տարակուսելի զարմանքը հարց է առաջ քաշում՝ այդ դեպքում ինչու էին առաջ հրապարակում հաղորդագրություններ այն մասին, որ Փաշինյանն ու Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել: Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Արցախի նախագահի խոսնակի հետ, թեև համոզված ենք, որ նմանատիպ պատասխան էր տալու:
Ինչ խոսք, այն, որ Փաշինյանն ու Հարությունյանը իրար հետ շփվում են, չենք բացառում. ի վերջո, Արցախը Ադրբեջանի կազմ ինտեգրելու գործընթացը հեշտ բան չէ և քննարկումներ են պետք: Բայց կարող ենք ենթադրել, որ սա Բաքվի հերթական պահանջի կատարումն է՝ Հայաստանի տարանջատումն ու ձեռքերի լվացում Արցախից նաև այս՝ պետական ինստիտուտների միջև կապը նվազեցնելու մակարդակում:
Նարե Գնունի