Հիմա մեզ կոչ են անում պետություն չունենալ, որ մեզ չմորթեն․ Դավիթ Հակոբյան

Անկեղծորեն չեմ հասկանում այսօր Հայաստանում ո՞րն է մեր գերխնդիրը, քանի որ ես պարզ ճշմարտություն գիտեմ՝ նախ, պետք է ճշտես, թե ինչ ես ուզում։ Իսկ այսօր մենք ազգովի, պետականորեն չգիտենք ինչ ենք ուզում։ Այդ մասին այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջև իրականացվող ակցիայի ընթացքում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ծրագիր չկա, անգամ պայքարի դուրս եկած մարդիկ են տարբեր բաներ ուզում։

«Հիմա մեզ կոչ են անում պետություն չունենալ, որ մեզ չմորթեն։ Արևմտյան Հայաստանում մենք պետություն ունեի՞նք, որ մեզ մորթեցին, բա ինչո՞ւ մորթեցին։ Մեզ հիմա անհրաժեշտ է 40 տարվա գոյաբանական անվտանգային երաշխիք, որ այդ տարիների ընթացքում առաջանա նոր էլիտա, այն սերուցքը, որի հետևից պետք է գնա ժողովուրդը։ Այսօր մեր գերխնդիրն է ստեղծել անվտանգային երաշխիք։ Թե չէ կընկնենք այն բադերի օրը, որ սատկում են, իսկ մարդիկ առաջարկում են տարբեր դեղեր փորձել։ Ախր էլ բադ չի մնա»,- նշեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ մտավորականները դուրս չեն գալիս, չեն փորձում պայքարել, Հակոբյանը պատասխանեց հարցով՝ իսկ մտավորականն ո՞վ է։

«Ես ճանաչում եմ արվեստագետներ, որոնց մտավորական չեմ համարի։ Մտավորականը ոգու, մտքի ազատություն է, ոչ թե՝ գրիչով գրող, գրագետ մարդը։ Աշխարհի բոլոր չարիքներն արվում են լավագույն համալսարաններն ավարտած սրիկաների ձեռքով։ Հիմա նրանք մտավորակա՞ն են։ Մտավորական մարդը չի կարող ուրիշին մորթել»,- նշեց նա։

Հակոբյանը ցավով նշեց՝ ժողովուրդը չի ուզում ընդունել մտավորականին, ով էլ խոսում է՝ վիրավորում են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։