Լոռու մարզային բյուջեն կարկուտի հասցրած վնասի փոխհատուցման համար նախատեսված գումար չունի․ մարզպետարան

Լոռու մարզային բյուջեն կարկուտի հասցրած վնասի փոխհատուցման համար նախատեսված գումար չունի․ մարզպետարան

Կառավարությունը տեղյակ է արձանագրված կարկուտի վերաբերյալ, սակայն չափի մասին տեղեկատվությունը համայնքներից ամփոփված տարբերակով չենք ստացել, որպեսզի ուղարկենք Կառավարություն։ Այս մասին MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան՝ արձագանքել է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին տեղացած կարկուտը վնասել է ՀՀ մի քանի մարզերի գյուղացիների բերքը։ Մեծ վնաս կրած մարզերից են Լոռին, Արագածոտն ու Սյունիքը։

«Համայնքային հանձնաժողովները դեռևս իրենց հաշվառման ակտերը չեն ներկայացրել, հետևաբար վնասված բերքի, թե՛ տոկոսի, թե՛ տեսակների վերաբերյալ ստույգ տվյալներ չենք կարող տրամադրել»,- գրված է հարցման պատասխանում։

Հարցին, թե ո՞ր գյուղերում, համայնքներում է վնասի չափն ավելի մեծ, մարզպետը պատասխանել է՝ դեռ չեն տիրապետում նման տեղեկության, քանի որ համայնքներից դեռ ակտերը չեն ստացել։

«Համայնքներից կհավաքագրվեն բերքի վնասի հաշվառման ակտերը, կկազմվի արձանագրություն, որը կուղարկվի համապատասխան գերատեսչություն։ Մարզային բյուջեն վնասի փոխհատուցման համար նախատեսված գումար չունի»,-նշված է պատասխան գրության մեջ։

Լիաննա Թորոսյան