Սովի կմատնվենք, բայց Աղդամով օգնություն չենք վերցնի․ ստեփանակերտցի

44-օրյա պատերազմից հետո Շուշիից Ստեփանակերտ տեղափոխված Նարինեն մեծ՝ 6 հոգանոց ընտանիքի մայր է։ Թեպետ Արցախում իրավիճակն օրեցօր վատանում է, միևնույն է՝ Ադրբեջանից օգնություն վերցնել չեն ցանկանում, ասում է՝ սովի կմատնվեն, բայց թուրքի տարածքից օգնություն չեն վերցնի։
Մինչ այս պահը ադրբեջանցիները թույլ չեն տվել Հայաստանից ուղարկված 400 տոննա հումանիտար բեռը Լաչինի միջանցքով մտնի Ստեփանակերտ, առաջարկում են այն անցկացնել օկուպացված Ակնայով (Աղդամ)։
MediaHub-ի հետ զրույցում Նարինեն շեշտում է՝ որպես Արցախի Հանրապետության բնակիչ դա չի ընդունում։
«Արցախցու համար այս իրավիճակը նորություն չէ։ 1990-ական թվականներին նույն վիճակն է եղել, բայց արցախցին այն ժամանակ իմացել է, հույսը դրել է իր վրա։ Արցախցի կինն իր ընտանիքը պահել է, արցախցի տղամարդն էլ պոստում կանգնել հայրենիք է պաշտպանել։ Լինելով 90-ականների սերնդից՝ չեմ հուսահատվում»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսը լսելուց հետո, Նարինեն ավելի է համոզվել՝ Հայաստանի իշխանությունները արցախցու կյանքով չեն հետաքրքրվում։ Վատ երգի պես հիշում է Փաշինյանի՝«Շուշին դժգույն եւ դժբախտ, բա մեզ պետք էր Շուշին» արտահայտությունն ու շեշտում՝ է՝ «այս բառերն ինձ համար դանակ են սրտումս»։
Նարինեն զինվորի մայր է, 8 տարեկան երեխա էլ ունի, երեխաների հուսադրող միակ ասելիքն է․«Աստված մեծ է, կդիմանանք»։
Նշենք, որ 228 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդը, Հակարի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո որևէ տեսակի հումանիտար բեռ, սնունդ չի ստացել։
Ադրբեջանական կողմը իր «տարածքային ամբողջականության» նկատմամբ «սադրանք» եւ «ոտնձգություն» է որակել պաշտոնական Երեւանի՝ Արցախ 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկելու քայլը եւ արգելել այն Լաչինի միջանցքով արցախահայությանը հասցնելու փորձերը։
19 բեռնատարով «Սնունդ կյանքի համար» մարդասիրական օգնությունը, որ երեկ Երեւանից շարժվեց դեպի Արցախ, կանգ է առել Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Պաշտոնական Բաքուն առաջարկում է իր վերահսկողության տակ հայտնված Ակնայով (Աղդամ) հումանիտար օգնություն տրամադրել Արցախին, ինչն արցախահայության համար անընդունելի է։
Լիա Սարգսյան