Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախը որպես պետություն․ Վարդանյան

Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախը որպես  պետություն․ Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը BFMnews-ի հետ զրույցում անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  այսօրվա հայտարարությանը։ Վարդանյանը մասնավորապես նշել է․ 

«Ես կարծում էի, որ պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք անօգուտ են։ Ես խորհուրդ կտայի նրան հեռացնել նրանց, քանի որ որքան շատ հնչի նման հռետորաբանություն, որքան ահեղ ու կոշտ, այնքան մեծ է հավանականությունը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված կլինի ներկայանալ Հաագայի միջազգային դատարանի, միջազգային տրիբունալի առջև։ 

Որովհետև ես վատ եմ պատկերացնում, թե ինչպես ադրբեջանական պետությունը կկարողանա վտարել 120.000 հայի իրենց հայրենիքից։ Ամեն դեպքում, դա հանցագործություն կլինի մարդկության դեմ: Ինչքան շատ են ճնշում գործադրվում արցախցիների վրա, այնքան ավելի ուժեղ են համախմբվում ու կանգնում միմյանց կողքին։ Այս առումով, ինձ թվում է, որդեգրած ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։

Ես ասել եմ ու կասեմ, որ միակ ճանապարհը նորմալ բանակցությունների ճանապարհն է, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախ պետությանը, Արցախի ընտրված ղեկավարներին։ Իսկ միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների հետ նորմալ բանակցություններ պետք է լինեն՝ հասկանալով, որ հակառակ դեպքում սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»։